Մեղրիի ՀԷԿ-ի գործարկման հետաձգման մեղավորն իրանական կողմը չէ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, Երևանի պետհամալսարանի Միջազգային հարաբերություններ ֆակուլտետում իրանագիտության դասասենյակի բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:

Նրա խոսքով, Մեղրի ՀԷԿ-ը հունվարի վերջին պետք է գործարկվեր. «Առաջիկայում Իրանից պետք է պատվիրակություն այցելի Հայաստան, որ կփորձի այդ ծրագրին վերջնական տեսք տալ: Գործարկման ուշացման պատճառը մենք չենք: Սովորաբար, ուշացնողներն ընկերություններն են: Մեր երկրների կառավարություններն աշխատում են միշտ»,-ընդգծել է դեսպանը:

Ինչ վերաբերում է Հայաստան-Իրան երկաթուղու հեռանրակներին, դեսպանն ասաց. «Իրանի հարաբերությունները Հայաստանի հետ շատ լավ են: Մենք պատրաստ ենք գործարկել երկաթգիծը, բայց Հայաստանը պետք է ներդրող ներկայացնի: Պարզապես պետք է համատեղ ներդրումներ իրականացնել այս ոլորտներում: Դուք առաջ եկեք, մենք հաջորդ քայլը կանենք»: