Երեւանի ավագանու նիստում այսօր՝ փետրվարի 13-ին, տեղի ունեցած միջադեպից հետո «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հանդես եկավ ելույթով՝ նշելով, որ իշխանությանն այսուհետ միշտ ուղեկցելու է Նուբարաշենի գարշահոգությունը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Որպես քաղաքական ուժ մենք համոզված ենք, որ այս պահին պետք է դադարեցնել ապրել գարշահոտության մեջ, իսկ այդ գարշահոտությունն ունի 25-ամյա բռնակալական վաղեմություն եւ այդ գարշահոտությունը պետք է զգաք նաեւ դուք:

Անկախ նրանից, որ կարող եք դեկտեմբերի 29-ին այստեղ խնջույք հրավիրել, մեր հաշվին կոնյակ խմել, թանկարժեք օծանելիքի բուրմունքը չէ, որ պիտի ձեզ միայն ուղեկցի, այլ պետք է ուղեկցի այն գարշահոտը, որի մեջ մեր պետականությունն եք գցել: Մենք երկու մայրաքաղաք ունենք՝ Երեւանն ու Ստեփանակերտը եւ ոչ ոք չի կարող մեր սիրելի քաղաքի նկատմամբ ոտնձգություն անել: Ուրեմն հիշեք, այդ գարշահոտությունն այլեւս ուղեկցելու է ձեզ բոլոր այն վայրերում, որտեղ դուք գտնվելու եք, նույնիսկ թանկարժեք օծանելիքն ու կոնյակը ձեզ չեն օգնելու:

Դուք մի պահ այդ հոտն զգացիք ու իրարանցում տեղի ունեցավ, նույնիսկ հարձակվեցիք տիկին Խաչատրյանի վրա եւ այստեղ նստած պարոնը եւս հարձակում գործեց (նկատի ունի Տարոն Մարգարյանին-խմբ): Վախեցաք, որ գարշահոտությունից խեղդվելո՞ւ եք: Ասեմ, որ գարշահոտությունից չեն խեղդվում, բայց պետք է թունավորվեք, ձեր կյանքը թունավորելու ենք, ձեզ փոխարինելու ենք, Նուբարաշենի արտաթորանքը որ կա, այնտեղ եք լինելու, ձեր տեղն այնտեղ է, պետք է փոխատեղում տեղի ունենա, բոլոր հերոսները պետք է ազատ արձակվեն եւ ձեզ պետք է տեղափոխենք, մենք ձեր նկատմամբ արդար դատավճիռ ենք կայացնելու»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի ավագանու նիստում, այսօր՝ փետրվարի 13-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները դիմակներ էին հագել եւ փորձում էին իրենց հետ Նուբարաշենից ապակե տարաներով բերված գարշահոոտություն արձակող կոյուղաջուրը մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ավագանու ՀՀԿ-ական անդամները փորձել են արգելել նրանց, որից հետո քաշքշուկ է սկսվել: ՀՀԿ-ականները հարվածներ են հասցրել «Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանին: Մասնավորապես, նրան հարվածել է ՀՀԿ խմբակցությունից Գոռ Վարդանյանը, իսկ ՀՀԿ-ական Էդմոն Կիրակոսյանն էլ քաշել է մազերից ու կրկին հարվածել:

Հիշեցնենք, որ Նուբարաշենի բնակիչները փետրվարի 12-ին փակել էին «Նուբարաշեն» ՔԿ տանող ճանապարհը. նրանց խոսքով, հարակից տարածում ապրողները տարիներ շարունակ գարշահոտության մեջ են ապրում, շնչում թունավոր օդը: