Երեւանի քաղաքապետարանի դիմաց Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության կին անդամի նկատմամբ կիրառված բռնության դեմ բողոքող քաղաքացիների մի մասը ներխուժել է քաղաքապետարանի շենք: Այս մասին հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը: Քաղաքապետարանի շենք մտնել ցանկացող քաղաքացիներին ոստիկանները թույլ չտվեցին մտնել ներս, սակայն, մի մասին ի վերջո հաջողվեց մտնել, իսկ մյուս մասը ակցիան շարունակում է քաղաքապետարանի շենքի դիմաց՝ «Բռնապետարան» վանկարկելով եւ քաղաքապետարանի դռներին խփելով:

Ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել են «Բռնապետարան», «գՈՌապաշտ ՀՀԿ», «Բռնացողներն էլ են հանցագործ, արդարացնողն էլ» գրությամբ պաստառներ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի ավագանու նիստում, այսօր՝ փետրվարի 13-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները դիմակներ էին հագել եւ փորձում էին իրենց հետ Նուբարաշենից ապակե տարաներով բերված գարշահոոտություն արձակող կոյուղաջուրը մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ավագանու ՀՀԿ-ական անդամները փորձել են արգելել նրանց, որից հետո քաշքշուկ է սկսվել: ՀՀԿ-ականները հարվածներ են հասցրել «Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանին:

Հիշեցնենք, որ Նուբարաշենի բնակիչները փետրվարի 12-ին փակել էին «Նուբարաշեն» ՔԿ տանող ճանապարհը. նրանց խոսքով, հարակից տարածում ապրողները տարիներ շարունակ գարշահոտության մեջ են ապրում, շնչում թունավոր օդը: