Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունը կարող է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լայնածավալ ռազմական հակամարտության վերածվել, որը կարող է ներգրավել Ռուսաստանին իր տարածաշրջանային դաշնակցին աջակցելու համար: Այս մասին ասվում է Միացյալ Նահանգների ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսի կողմից հրապարակված «Սպառնալիքների համաշխարհային գնահատականը» զեկույցում:

Փաստաթուղթը ներկայացնում է 2018-ին ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքների գնահատականը:

Մասնավորապես Ղարաբաղին նվիրված հատվածում նշվում է, որ «երկու կողմերի՝ փոխզիջմանը գնալու ցանկության բացակայությունը, այլ կողմերից ճնշման ավելացումը, Ադրբեջանի կայուն ռազմական արդիականացումը եւ 2018-ին Հայաստանի կողմից նոր ռուսական զենքի ձեռքբերումը կարող են լայնածավալ ռազմական գործողությունների հանգեցնել»:

Զեկույցում նշվում է, որ Կրեմլը կձգտի աջակցել եւ հնարավորինս ընդլայնել բոլոր նախկին խորհրդային երկրների տարածքում իր ազդեցությունը:

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր հաջորդ հնարավոր նախագահական ժամկետի ընթացքում հիմնվելու է ագրեսիվ եւ օպորտունիստական արտաքին քաղաքականության վրա` Ռուսաստանի սահմաններից դուրս արդյունքների հասնելու համար: Նա նաեւ կդիմի ավելի ավտորիտար մարտավարությանը, որպեսզի վերահսկի իր իշխանության մարտահրավերները», - նշվում է փաստաթղթում:

ԱՄՆ հետախուզության ղեկավարի խոսքով՝ Վրաստանի արեւմտյան իտեգրացումը ձախողելու ՌԴ փորձերը Թբիլիսիում անկայուն իրավիճակի հիմնական աղբյուրները կմնան: Ռուսաստանը կփորձի նաեւ կանխել Բելառուսի եւ Արեւմուտքի հարաբերություններում հնարավոր ջերմացումը:

Ինչ վերաբերում է Ուկրաինային, հետախուզության ղեկավարը կարծում է, որ երկիրը դեռեւս ներքաղաքական անկարգությունների վտանգի տակ է, որը Ռուսաստանը կարող է օգտագործել Կիեւի արեւմտամետ կողմնորոշումը ձախողելու համար:

«Մինչ այդ եվրոպական եւ եվրոպական ազգային կառավարությունները պայքարելու են անվտանգության խնդիրների լուծման վերաբերյալ մի շարք միասնական մոտեցումներ մշակելու համար, այդ թվում, ծայրամասերում անկայունության, տարածաշրջանում անհամաչափ միգրացիայի, ահաբեկչական սպառնալիքների եւ ռուսական արշավների ազդեցության ավելացման դեմ, որոնք վնասում են Արեւմուտքի միասնականությանը»,-նշվում է զեկույցում: