Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (ՌՀԿ ՀԽ) խստորեն դատապարտում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ագրեսիվ եւ ծայրահեղական հայտարարությունները Հայաստանի եւ նրա մայրաքաղաք Երեւանի վերաբերյալ:

«Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը խստորեն դատապարտում է Իլհամ Ալիեւի լկտի հայտարարություններն այն մասին, որ Երեւանը պատմական ադրբեջանական հող է: Այս կապակցությամբ ՌՀԿ ՀԽ հայտարարում է, որ մեր օրերում նման ագրեսիվ հայտարարություններ պետության ղեկավարի շուրթերից անընդունելի են: Քաղաքակիրթ հասարակությունում նման անպատասխանատու վարքագիծը անընդունելի է: Մենք պահանջում ենք սադրիչին պատասխանատվության ենթարկել: Ադրբեջանի իշխանություններն ամենաանպարկեշտ կերպով խեղաթյուրում են տարածաշրջանի պատմությունը: Նրանք թմրեցնում են սեփական ժողովրդից, երիտասարդներին կրթում են հայերի հանդեպ թշնամանքի եւ ատելության ոգով: Ադրբեջանի ղեկավարությունը մշտապես կրակոցներ եւ սադրանքներ է հրահրում Արցախի Հանրապետության հետ սահմանին, նոր ագրեսիայի պլաններ է մշակում: Ես ուզում եմ հիշեցնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը, ով փորձում էր խելքի բերել իր ադրբեջանցի գործընկերոջը, խորհուրդ էր տվել նրան նոր ռազմական գործողություններ չսկսել, որպեսզի հետագայում նրանք կրկին ստիպված չլինեն արցունք թափլ նոր կորցրած տարածքների համար:

Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը, հիմնվելով տարածաշրջանում խաղաղություն եւ հանգստություն հաստատելու ցանկության վրա, կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին դադարել կեղծել պատմությունը եւ իրավիճակի լարում չհրահրել, հանդուրժող լինել՝ ոչ թե խոսքով, այլ իրականում: Մենք պահանջում ենք հարգել պատմական ճշմարտությունը: Միեւնույն ժամանակ, ՌՀԿ ՀԽ դիմում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանին, Միացյալ Նահանգներին եւ Ֆրանսիային այս կապակցությամբ խոսելու խնդրանքով: Հատկապես մենք սպասում ենք Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի ծանրակշիռ խոսքին: Խնդրում ենք խելքի բերել Ադրբեջանի մոլորված ղեկավարությանը, որպեսզի կարիք չլինի դիմել խաղաղության պարտադրանքին»,- նշվում է հայտարարության մեջ:

2018 թվականի փետրվարի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ելույթ ունենալով իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության համագումարին, հայտարարել էր. «Երեւանը մեր պատմական հողն է, մեր երիտասարդ սերունդը եւ ամբողջ աշխարհը պետք է իմանան այդ մասին»: Նա ընդգծել է. «Մեր պատմական հողերը Իրեվանյան խանությունն է, Զանգեզուրը, Գեյչենեւ մենք՝ ադրբեջանցիներս, պետք է վերադառնանք այդ հողերը»: Նախագահի խոսքով՝ կորած տարածքների վերադարձը պետք է դառնա պետության ​​գործունեության ուղղություններից մեկը: Նույն համագումարին հայտարարվել էր նաեւ Ալիեւի՝ հաջորդ նախագահական ընտրություններին չորրորդ անգամ որպես նախագահի թեկնածու առաջադրման մասին: