«Հայկական ժամանակ. թերթը գրում է. «Մամուլի հրապարակումների համաձայն՝ վերջին շրջանում կտրուկ լարվել են «Երկրապահ» կամավորական միության ղեկավարության եւ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հարաբերությունները:

Ըստ հրապարակումների՝ պատգամավորը գումարներ է տալիս կառույցին՝ անապահով զինվորականների ընտանիքներին տրամադրելու համար, իսկ ԵԿՄ ղեկավարությունն այն յուրացնում է: ՀԺ-ի լրագրող Նարեկ Կիրակոսյանը գեներալից պարզաբանում է խնդրել սույն լուրերի վերաբերյալ:

«Դուք Սամվելից տենց բան լսե՞լ եք, անձամն Սամվելն ասե՞լ է, թե էլի մեկն ասել է: Սամվելը «Երկրապահի» անդամ է, մեր ընկերն է, էլի պրովոկացիա են անում: Ոնց որ ինձ ու Սամվելին էին կռվցնում, ասում էին՝ արաղի համար կռվել ենք: Ղզիկի նման բամբասանքներ են տարածում, որ խառնեն, կռվցնեն, ավել-պակաս խոսում են, թե ում է ձեռնտու էդ բաները, չեմ հասկանում: Մենք խնդում ենք իրանց ասածների վրա, բայց ամեն դեպքում վատ խոսակցությունը տպավորվում է»,-ասաց գեներալ, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը:

«ՀԺ»-ի դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ բարեգործության համար նրա տված փողեն եք «ուտում», Սարոյանն ասաց. «Երկրապահում» բան կա՞, որ ուտենք: Էդ քյասիբ-քյուսուբի ձեռից բան կարա՞ս վերցնես, որ ուտես: Էդ զոհվածի եղածը կուտվի՞, գրողը ուտեն, ո՞վ կարա ուտի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում