ԱԺ Հայաստանի «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Երևանի ավագանու նիստի ընթացքում «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների գործողություններն ակցիա չի համարում: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Վ. Բաղդասարյանը հորդորեց լրագրողներին ուսումնասիրել կատարվածի ակունքները:

«Դրանից մեկ օր առաջ համապատասխան բնակիչների խնդրանքով այնտեղ են եղել քաղաքապետարանի աշխատակիցները, համապատասխան գաղութների վարչության ներկայացուցիչները, սանէպիդկայանի ներկայացուցիչները, և, իրոք, վիճակը տեսել են: Բնակչությանը խնդրել են մեկ շաբաթ ժամանակ և անմիջապես տեխնիկան տեղափոխել են աշխատանքի: Բնակիչները հավատացել են, որից այդ, ձեր ասած, ակցիայի հեղինակները հանդիպել են նրանց հետ՝ ասել են՝ «ի՞նչ մեկ շաբաթ, ի՞նչ բան, նրանց չի կարելի վստահել, մենք ակցիա ենք կատարելու, միացեք մեզ», որին բնակիչները որևէ արձագանք չեն տվել»,- պատմեց Վ. Բաղդասարյանը:

Դիտարկմանը, թե բնակիչներն իրենք են ասել, որ հողաջուրը փոխանցել են ավագանու անդամներին՝ Վ. Բաղդասարյանը հորդորեց լրագրողներին ճշտումներ կատարել այդ հարցի առնչությամբ. «Գուցե բնակիչների մեջ նրանք ունեցել են իրենց ներկայացուցչին: Համենայն դեպս, դա ակցիա չէ, դա միտում է, որպեսզի կարողանան ուշադրության կենտրոնում մնան, նրանք այլ ելք չունեին: Ասում եք՝ կնոջ նկատմամբ, ես այդտեղ հայ կնոջ կերպարանք չտեսա: Այդտեղ միտում կար՝ խանգարելու ավագանու բնականոն աշխատանքը»:

Լրագրողներից մեկի այն դիտարկմանն էլ, թե Մարինա Խաչատրյանն ասում է՝ իր նկատմամբ սեռական ոտնձգություն է կատարվել՝ Վ. Բաղդասարյանն այսպես արձագանքեց. «Լկտիությունը չափ պետք է ունենա: Սա ամբողջ Հայոց պատմության մեջ առաջին դեպքն է, երբ նման հայտարարություն են անում քաղաքական դաշտում»:

Նյութի աղբյուրը՝ 168.am