ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողության շրջանակներում հայտնաբերել է, որ մայրաքաղաքի Բաբաջանյան 72 հասցեում գտնվող ավտոտնակում «Սոս եւ որդիներ» ՍՊԸ-ն կազմակերպել է պանրի արտադրություն:

ՍԱՊԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական տվյալների համաձայն՝ ընկերությունը նաեւ անհատներից է ձեռք բերել պանիր եւ փորձել իրացնել իր արտադրանքի անվան տակ:

Ծառայությունը, որպես անհայտ ծագման մթերք, կասեցրել է արտադրվող պանրի բոլոր խմբաքանակների իրացումը («Չանախ» տեսակի պանիր 145 կգ, ոչխարի պանիր 240 կգ, «Եղեգնաձոր» տեսակի հորած պանիր 32 կգ, հորած պանրի հումք 60 կգ): Աշխատանքներ են տարվում շուկայում առկա հնարավոր խմբաքանակները բացահայտելու եւ հետ կանչելու ուղղությամբ:

Նշված արտադրանքը չի ունեցել համապատասխանության հայտարարագիր, ինչպես նաեւ՝ մակնշում: Բացի այդ՝ արտադրությունն իրականացվել է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով:

Իրացման ցանցերի պատասխանատուներին եւ սպառողներին հորդորում ենք ձեռնպահ մնալ «Սոս եւ որդիներ» ՍՊԸ-ի արտադրության պանիրը վաճառելուց կամ գնելուց: