Փետրվարի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել «Գյումրի» ԲԿ-ում: Ոստիկանության Կումայրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ նույն օրը, ժամը 11։00-ի սահմաններում «Գյումրի» բժշկական կետրոնում բժիշկներ Կարեն Գրիգորյանը եւ Արթուր Նասիբյանը վիճաբանել են նույն հիվանդանոցի բժիշկներ Արման եւ Արտակ Սարգսյանների հետ, ինչից հետո վերջիններս ծեծի են ենթարկել նրանցից մեկին, որը ստացել է մարմնական վնասվածքներ։

Shamhsyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանությունը ժամը 13։00-ին Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի բնակիչ՝ 35-ամյա Աննա Ադամյանից հաղորդում է ընդունում, որ նշված բժշկական կենտրոնում վիճաբանության ժամանակ Գյումրի քաղաքի բնակիչներ՝ 40-ամյա Արմեն Նասիբյանը եւ 33-ամյա Արթուր Նասիբյանը ոտքերով հարվածել են իր աշխատասեղանին եւ մոտ 10 րոպեից ավելի սեռական բնույթի հայհոյանքներ տվել իր հասցեին։ Արթուր եւ Արմեն Նասիբյանները հարազատ եղբայրներ են, Աննա Ադամյանը աշխատում է նշված բժշկական կենտրոնում՝ որպես բուժքույր, Արման եւ Արտակ Սարգսյաններն էլ՝ որպես բժիշկներ։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ Նասիբյան եղբայրներին հայտնաբերելու ուղղությամբ։

«Գյումրի» ԲԿ-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ դեպքի հանգամանքները պարզելու համար երկուշաբթի օրը էթիկայի հանձնաժողովի նիստը է հրավիրված: Տնօրինությունը դեպքի վերաբերյալ հանդես կգա համապատասխան հայտարարությամբ: