Lragir.am-ը գրում է.

Հայտնի է դարձել, որ կառավարությունը խորհրդարանին առաջարկում է լրացում կատարել վերջերս ընդունված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում: Մասնավորապես, առաջարկվում է օրենքում ավելացնել կետ, ըստ որի՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է նաեւ կառավարության անդամ նշանակված քաղաքացուն՝ կառավարության անդամի լիազորությունների ողջ ժամկետով:
«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը մեծ աղմուկ հանեց Հայաստանում, մասնավորապես տարկետման սահմանափակման հարցը: Նույնիսկ ուսանողական շարժում եղավ, երթեր, հացադուլ, որը ոչ միայն արդյունք չտվեց, այլեւ տվեց հակառակ էֆեկտ՝ շարժման սխալ մեթոդաբանության ու հարցադրումների պատճառով: Սա այլ խոսակցության նյութ է, պարզապես նշենք, որ իշխանությունն ուսանողների սխալն օգտագործեց օրենքը «լեգիտիմացնելու» եւ այնտեղ իրեն անհրաժեշտ փոփոխություններ ու սողանցքեր մտցնելու համար:
Հայաստանի հանրությունն իր փորձով համոզվել է, որ ցանկացած օրենք ու որոշում Հայաստանում ընդունվում է մեկ նպատակով՝ իշխող համակարգի անվտանգության ու բարեկեցության համար: Նույնիսկ եթե այդ օրենքներն ընդունվում են պետության առաջնահերթություններից ու կարիքներից դրդված, միեւնույն է՝ հանրության շրջանակներում վստահություն չկա ու չի կարող լինել թե իշխանության լեգիտիմության բացակայության, թե նրա մոտիվացիայի առումներով:
Ավելին, շատերը տարկետման սահմանափակման մտադրությունը բացատրում էին կոռուպցիայի մակարդակը բարձրացնելու, բանակից ազատելու «գինը բարձրացնելու» մտադրությամբ: Այստեղ է ասված՝ աչքը դուրս գա, անունը դուրս չգա:
Այս ամենը հաշվի առնելով, օրենքում այս նոր փոփոխությունը հարց է առաջացնում՝ ում համար է այն արվում, ի՞նչ նպատակով: Առավել եւս այն պարագայում, երբ կառավարության անդամ ըստ Սահմանադրության կարող է նշանակվել 25 տարեկանը լրացած քաղաքացին, ով ենթադրվում է պետք է նաեւ զինծառայություն անցած լինի:
Կա նաեւ նախադեպ՝ ժամանակին Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի պաշտոնը թափուր պահեցին այնքան ժամանակ, մինչեւ լրանա Լֆիկ Սամոյի քրոջ որդու տարիքը, ու նրան նշանակեցին թաղապետ: Ավելորդ է ասել, որ նա բանակում չի ծառայել:
Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը տարկետման սահմանափակումը ճիշտ էր համարում, միեւնույն ժամանակ նշելով այն սողանցքերը, որոնք պետք է բացառվեն: Նա ասում էր, որ օրենքը կիրառելու դեպքում բարձրաստիճան պաշտոնյաները ստիպված են լինելու իրենց որդիներին ձեւակերպել հիվանդներ, դեգեներատներ՝ բանակից ազատելու համար:

Կառավարությունը հետո մտցրեց մի կետ, ըստ որի՝ եթե զինակոչիկը գիտական լուրջ նվաճումներ ունի 18 տարեկանում, այսինքն գրեթե հանճար է, նրան էլ կտրվի տարկետման իրավունք: Բայց պաշտոնյաների դեպքում դժվար կլիներ այս կետը կիրառել, ավելի ճիշտ՝ կիրառել զանգվածաբար:
Իշխող համակարգը բարգավաճել ու բազմացել է եւ ներկայում գտնվում է «սերնդափոխության» փուլում: Հիմա արդեն համակարգի «երկրորդ սերնդի» որդիներն են հասել զինակոչի տարիքի: Հասկանալի է, որ նրանք միեւնույն է չեն ծառայելու բանակում: Արդեն կա առաջին օրինակը՝ մամուլում տեղեկություններ եղան, որ Տարոն Մարգարյանն ու նրա պատգամավոր աներձագը հիվանդություն են «ձեւակերպել» իրենց որդիների համար, բանակից խուսափելու նպատակով: Ընդ որում՝ նույն հիվանդությունը:
Մյուս կողմից, ինչպես բոլորին չեն կարող ձեւակերպել հանճար, նմանապես էլ մի քիչ անհարմար է ստացվում բոլորին հիվանդ հայտարարելը:
Այս պարագայում շտապ անհրաժեշտ է «դիվերսիֆիկացիա», եւ հնարավոր է՝ այս նոր փոփոխությունն օրենքում դրա համար է: Այն թույլ կտա լուծել նաեւ ժամանակի խնդիրը: Օրինակ, 18 տարեկանում տղան հիվանդ է, 22 տարեկանում՝ հանճար, իսկ 25 տարեկանում՝ նախարար: Իր հերթին, եթե բարձրաստիճան պաշտոնյան ունի մի քանի որդի, այդ դեպքում մեկը կարող է հանճար լինել, մյուսը՝ հիվանդ, մյուսը՝ նախարար կամ դեպուտատ: Եթե դիվերսիֆիկացիան չարվի, տվյալ բարձրաստիճանի բոլոր որդիները կամ կլինեն հիվանդ, կամ հանճար, կամ դեպուտատ:
Աբսո՞ւրդ է, ծայրահեղությո՞ւն: Հնարավոր է: Երբ Վիգեն Սարգսյանին լրագրողները խնդրել են նշել գոնե մեկ բարձրաստիճան պաշտոնյայի անուն, ում որդին ծառայել է բանակում, նա այդպես էլ չի կարողացել ասել: Իշխող համակարգն իր վարքուբարքով ու գործունեությամբ չի տալիս օրինակներ, որոնք վստահություն կներշնչեն նրա քայլերի առումով: Կոնկրետ այս օրենքի առումով մտահոգությունները, որ դրանք ուղղված են զուտ իշխող կաստային, չեն փարատվում կոնկրետ օրինակներով:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am