Երեւանի Վրացական փողոցի թիվ 10 շենքի 4-րդ մուտքում պայթյունից տուժած բնակիչները կարծում են, որ այս գիշեր տեղի ունեցած պայթյունը եղել է գազի արտահոսքի հետեւանքով:

NEWS.am-ի հետ զրույցում շենքի բնակիչներից մեկը նշեց, որ նախկինում երբեք գազի հետ կապված շենքում որեւէ խնդիր չի եղել:

«Այդ բնակարանում շատ նորմալ ընտանիք է ապրում, շատ կարգին մարդիկ են, էնպիսի մարդիկ չեն, որ թողնեն գնան էդպես, գազի ուտեչկան չգիտեմ որտեղից է եղել, թող գազավիկները մտածեն, չգցեն սրա նրա վրա»,- ասաց բնակիչներից մեկը:

Նշենք, որ պայթյունը եղել է շենքի առաջին հարկում գտնվող բնակարաններից մեկում: Տունն ամբողջությամբ ավիրվել է, բարեբախտաբար, պայթյունի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան: Ականատեսների պատմելով, այդ բնակարանը վերանորոգվում էր եւ ընտանիքի անդամները ժամանակավորապես այնտեղ չէին ապրում:

Պայթյունից վնասվել է նաեւ առաջին հարկում գտնվող մյուս բնակարանը. մուտքի դուռն է վնասվել, միջնապատերին առաջացել են ճաքեր՝ մոտ 2 քմ: Մեզ հետ զրույցում բնակարանի սեփականատերը պատմեց, որ գիշերը տանը եղել է որդու ընտանիքը, այդ թվում երկու մանկահասակ երեխաներ:

«Պայթյունից իրենց դուռը թռել էր եւ մեր դռանը կպել, դրա հետեւանքով երկու դուռն էլ ընկել էին մեր տան մեջ: Պատերն են ճաքել, ապակիններն են կոտրվել...»«,- պատմեց բնակիչը:

Պայթյունի հետեւանքով վնասվել են նաեւ 2-րդ հարկում գտնվող բնակարանները: Մի բնակարանի պատուհաններն են վնասվել, մյուսի՝ պատուհանները և մուտքի դուռը, երրորդի՝ միջնապատերը՝ մասամբ, վնասվել՝ հյուրասենյակի առաստաղը, հատակը՝ մոտ 0,5 քմ: Ամբողջությամբ վնասվել են 4-րդ հարկում գտնվող 3 բնակարանների պատուհանները:

Վնասվել են նաեւ շենքի մոտակայքում կայանած 11 ավտոմեքենա: