Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ միջազգային ներդրող, հայկական արմատներով սաուդյան արքայազն Ալ Վալիդ իբն Տալալ իբն Աբդել Ազիզ ալ Սաուդը 500 հազար դոլար է նվիրաբերել տեղական ֆուտբոլային ակումբների զարգացման համար՝ աջակցելով կառավարական կոչին, հայտնում է Arabianbusniess-ը:

Արքայազն Ալ Վալիդը Twitter-ի իր էջում լուսանկար է տեղադրել, որտեղ ընտանիքի հետ ֆուտբոլային հանդիպում է դիտում: «Պատասխանելով եղբորս՝ Թուրք ալ Շեյխի հրավերին սաուդյան ակումբներին աջակցելու մասին… ես 2 մլն սաուդյան ռիյալ (533,333 դոլար) եմ հատկացրել Al Hilal FC-ին աջակցելու համար»,- նշել է Ալ Վալիդը Twitter-ում:

Ալ Շեյխը Սաուդյան Արաբիայի կառավարությանն առընթեր սպորտային վարչության ղեկավարն է, ինչպես նաեւ գահաժառանգ Մուհամմեդ իբն Սալմանի մերձավորներից:

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին Սաուդյան Արաբիայի իշխանությունները ազատել են թագավորի զարմիկ, հայկական արմատներով սաուդյան արքայազն Ալ Վալիդ իբն Տալալին: Կոռուպցիայի կասկածանքով ձերբակալված արքայազն Ալ Վալիդ իբն Տալալը իշխանությունների հետ բանակցություններ էր վարել պահանջների կարգավորման շուրջ:

Նա Սաուդյան Արաբիային «նվիրատվություն» էր առաջարկել, որից հետո արքայազնին մեղադրանք չեն առաջադրի:

Ալ Վալիդը Սաուդյան Արաբիայի ամենահարուստ մարդկանցից մեկն է, հունվարի 14-ի տվյալներով՝ Bloomberg-ը նրա կարողությունը գնահատել է 17,7 մլրդ դոլար:

Посмотреть изображение в Твиттере