Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ՝ քննարկելու Երեւանի քաղաքապետարանի վարչական շենքերում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու մասին առաջարկություններ ներկայացնելու Երեւանի քաղաքապետի հանձնարարականի մանրամասները, ինչպես նաեւ փետրվարի 19-ին Երեւանի քաղաքապետարանում գրանցված միջադեպի հետ կապված լրատվամիջոցների կողմից հնչած մտահոգությունները:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ լրագրողական համայնքի մտահոգությունները փոխանցելով Երեւանի քաղաքապետին, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը նշել է. «Ձեզ հետ հանդիպելու նախաձեռնությանս նպատակն է նախ եւ առաջ պարզաբանում ստանալ, թե ո՞րն է եղել Երեւանի քաղաքապետարանում ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքների խոչընդոտման պատճառը եւ արդյոք հնարավոր չէ՞ր այլ լուծում տալ այդ իրավիճակին, որպեսզի չխոչընդոտվեր լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը:

Կցանկանայի նաեւ ներկայացնել լրագրողական համայնքի օբյեկտիվ անհանգստություններն ու մտահոգությունները, որոնք առաջացել են քաղաքապետարանի տարածած այն հաղորդագրության հետեւանքով, ըստ որի Ձեր հանձնարարությամբ կանոնակարգվելու է լրագրողների գործունեությունը քաղաքապետարանի շենքում:

Հաշվի առնելով, որ ՏԻՄ մարմինները ընտրովի մարմիններ են եւ պահանջում են կատարյալ թափանցիկություն, հաշվետվողականություն, իսկ լրատվամիջոցներն էլ այն միջնորդ օղակն են, որով հասարակությունը իրազեկվում է քաղաքապետարանի եւ ավագանու գործունեության մասին, այս հայտարարության թյուրըմբռնումը, ոչ լիարժեք իրագործումը, կարող է հասարակության եւ լրագրողական հանրության շրջանում, հաշվի առնելով ավագանու նիստում վերջերս տեղի ունեցած ծանր միջադեպը, ընկալվել որպես փորձ՝ խոչընդոտելու քաղաքապետարանի գործունեության լուսաբանումը, կոծկելով նիստերի ընթացքը, այդպիսով հետագայում խուսափելով աղմակահարույց որեւէ այլ միջադեպից»:

Երեւանի քաղաքապետն իր հերթին նշել է. «Կարեւորում եմ մեր այս հանդիպումը, քանի որ իմ հանձնարարականից հետո, կարծես, թյուրըմբռնում եղավ լրատվամիջոցների եւ լրագրողական կազմակերպությունների շրջանում: Որոշ լրատվամիջոցներ դա մեկնաբանեցին որպես իրենց գործունեության սահմանափակում, հատկապես ավագանու վերջին նիստում տեղի ունեցածից հետո: Անկեղծ լինեմ, վերջին օրերի դեպքերը մեզ ստիպեցին նորովի կազմակերպել լրագրողների եւ քաղաքապետարանի համագործակցության ձեւաչափը, ինչը սակայն ոչ միայն չի՛ խաթարելու թափանցիկության ապահովումը, այլեւ առավել արդյունավետ է դարձնելու քաղաքապետարանի եւ ԶԼՄ-ների համագործակցությունը:

Ի դեպ, եթե նկատել եք, իմ հանձնարարականը վերաբերում էր առհասարակ քաղաքապետարանի անցագրային կարգին, շենքի պահպանության հարցերին, ինչպես նաեւ քաղաքապետարանի եւ լրագրողների աշխատանքի կանոնակարգմանը:

Ինչ վերաբերվում է փետրվարի 19-ին գրանցված միջադեպին, նշեմ, որ քաղաքապետարանի շենքը ՀՀ կառավարության կողմից սահմանված պետական պահպանության ենթակա տարածքների ցանկում է եւ, ըստ այդմ, տվյալ դեպքում չէր պահպանվել շենք մտնելու գոյություն ունեցող կարգը, ընդ որում, ոչ լրատվամիջոցների մեղքով: Սա հաշվի առնելով էլ լրատվական ծառայության պետը տեղում հայցել էր ներկա լրագրողների ներողամտությունը:

Մենք գնահատում եւ չափազանց կարեւորում ենք լրագրողների աշխատանքը. որոշ դեպքերում հենց նաեւ նրանց օգնությամբ են վերհանվում որոշակի խնդիրներ, ինչը, միանշանակ, անհրաժեշտ աջակցություն է քաղաքային իշխանությունների համար:

Մենք հաշվետու ենք մեր համաքաղաքացիների առջեւ: Երեւանի ավագանին էլ ընտրովի մարմին է, ու մենք պատասխանատու ենք նաեւ մեր ընտրողների առջեւ:

Միաժամանակ, ցավում եմ, որ մեր համաքաղաքացիները ստիպված եղան ականատեսը դառնալ Երեւանի ավագանու վերջին նիստում գրանցված տհաճ միջադեպի, ինչը հարիր չէր Երեւան քաղաքի կառավարման բարձրագույն մարմին»:

Հանդիպման ավարտին, Երեւանի քաղաքապետն ու Հայաստանի ժուռնալիստների միության նախագահը պայմանավորվեցին Երեւանի քաղաքապետարանում ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար աշխատանքների կազմակերպման պայմանների ստեղծման նախաձեռնությանը ներգրավել նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որոնք իրենց առաջարկներով կնպաստեն առավել թափանցիկ, հարմարավետ եւ արդյունավետ աշխատանքների կազմակերպմանը, որից կշահի երեւանցին: