Կրակովում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարության մեջ նշված է, որ արտգործնախարարները սկզբունքորեն համաձայնություն են հայտնել համանախագահների վերամշակած փաստաթղթին, որը վերաբերում է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը, ցանկություն հայտնելով հնարավորինս շուտ ավարտուն տեսքի բերել փաստաթուղթը։ NEWS.am-ի թղթակիցն այս հարցով դիմել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին՝ խնդրելով պարզաբանել իր գրասենյակի ընդլայնման եւ նրա գործառույթների հարցը։

Ե՞րբ կարելի է ակնկալել աշխատանքների ավարտը եւ անցնել պրակտիկ գործողությունների։

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման սկզբունքն ընդունվել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում 2016 թվականին։ Իմ մանդատը վստահության ամրապնդման միջոցառումների ընդունման հարցով կողմերին աջակցություն ցուցաբերելն է։ Ես ողջունում եմ նախագահների որոշումը եւ շարունակում եմ մշտապես կապ պահպանել ԵԱՀԿ նախագահության, համանախագահների եւ կողմերի հետ, որպեսզի օգնեմ այս նախաձեռնությանն առաջ շարժվել կառուցողական ճանապարհով:

Մինչեւ քանի՞ հոգի է նախատեսվում թիմի ընդլայնումը։ Կփոխվե՞ն թիմի գործառույթները։

Ընդլայնված թիմը կներառի մի քանի միջազգային աշխատակիցներ: Լրացուցիչ անդամները կկատարեն նույն խնդիրները, ինչ ներկայացուցչի ներկայիս դաշտային օգնականները:

Փոփոխություն կկրի՞ մոնիտորինգների անցկացման հաճախակիությունը, դրանց անցկացման շարունակականությունը։

Լրացուցիչ անձնակազմի առկայությունը հնարավորություն կստեղծի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվող մոնիտորինգների հաճախակիությունը ավելացնելու առումով:

Ձեր կարծիքով, թիմի ընդլայնումը որքանո՞վ կնպաստի կայունության պահպանմանը։

Անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնումը կարող է դիտարկվել որպես վստահության ամրապնդման միջոց, որը կարող է նպաստել սահմանային գոտում լարվածության նվազմանը եւ կայունության բարձրացմանը։ Ես սատարում եմ ցանկացած միջոցառում, որը սահմանային գոտում կրճատում է լարվածությունն ու զոհերի թիվը։