Ղարաբաղյան հակամարտության սկսվելուց 30 տարի անց, ժամանակն է, որ ԵՄ-ն իր ուշադրոթյունը հրավիրի Ղարաբաղին: Այս մասին Euroactiv կայքի իր հոդվածում գրում է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տնօրեն Դիեգո Պինտոն:

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը գլխավորում է միջազգային հանրության ջանքերը ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման համար, մինչդեռ ԵՄ-ն վարում է «չեզոքության» քաղաքականություն՝ հայտարարելով իր լիակատար աջակցությունը «Մինսկի գործընթացին», սակայն խուսափելով Լեռնային Ղարաբաղի բնակչության կամ իշխանությունների հետ ուղղակի շփումից:

Սակայն, Պինտոն կարծում է, որ ԵՄ-ն մանեւրելու հնարավորություն ունի առանց ճանաչման մասնակցության քաղաքականություն վարելու համար. «Երկար տարիների ընթացքում Ադրբեջանի քարոզչությունը կուլ տալուց հետո, ԵՄ պաշտոնյաները վերջապես պետք է այցելեն տարածք եւ տեղում գնահատեն իրավիճակը եւ տեղեկատվություն հավաքեն: Առանց Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի, մասնակցությունը կլիներ ոչ քաղաքական, եւ թույլ կտար ԵՄ-ին իր փորձով Լեռնային Ղարաբաղում օգուտներ բերել», - ասել է Պինտոն՝ հավելելով, որ նման ջանքերը Մինսկի խմբի մանդատին միջամտություն չէին լինի:

Նա ընդգծում է, որ հակամարտությունների կանխարգելման եւ լուծման փորձով, ինչպես նաեւ ֆինանսական ռեսուրսներով եւ կողմերի վրա լծակներով, ԵՄ-ն ունի բոլոր հնարավորությունները տարածաշրջանում կայուն խաղաղություն եւ կայունություն ապահովելու համար:

«30 տարի անց, ժամանակն է, որ ԵՄ-ն Լեռնային Ղարաբաղում իր խաղը սկսի: Արդյոք դա ավելի հե՞շտ կլինի, քան թվում է, կարդալով այս տողերը: Հնարավոր է... Արժե՞ փորձել: Միանշանակ», - եզրափակում է հեղինակը: