Lragir.am-ը գրում է.

Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը կարծում է, որ Ադրբեջանը յուրացրել է ապրիլյան պատերազմի դասերը եւ հաջորդ անգամ կփորձի Հայաստանից Ղարաբաղ կոմունիկացիաները կտրել Վարդենիսի, Ճամբարակի հատվածներով, ինչպես նաև Վայքի ու Սյունիքի հատվածներով, այսինքն՝ Հայաստանի տարածքում:
«Երեւանի, Զանգեզուրի պատմական հողեր վերադարձը» Ադրբեջանի ռազմավարական նպատակ հռչակելու մասին Իլհամ Ալիեւի հայտարարությունից հետո փորձագետները խոսում են, որ Ադրբեջանը որոշել է ընդլայնել հակամարտության ճակատը: Ասում են, Ալիեւը համոզվել է, որ անհնար է Ղարաբաղն առանց Հայաստանը հաղթահարելու գրավել, եւ հիմա ջանքերն ուղղելու է Հայաստանի կողմ:
Ադրբեջանի այդ ծրագրերի մասին արդեն կարելի էր դատել Նախիջեւանում առանձին բանակի ստեղծումից հետո, որտեղ թուրք հրահանգիչների ու սպաների օգնությամբ հարվածային ուժեր են ստեղծվում: Ալիեւը Նախիջեւանում լուսանկարվում է հրթիռների ու այլ հեռահար զենքերի ֆոնին՝ անթաքույց սպառնալով Հայաստանին:
Դա նշանակու՞մ է, որ Ադրբեջանը փորձում է վերջնականապես ղարաբաղյան կարգավորումը տեղափոխել հայ-ադրբեջանական հակամարտության հարթություն, որտեղ հարցերը լուծվելու են ոչ թե իրավական, այլ ուժային հարթությունում: Ղարաբաղյան կարգավորում կոչվածը «լռվել է» ինքնորոշման ու տարածքային ամբողողջականության սկզբունքների միջեւ, եւ Բաքվին պետք է շտապ հարցը դուրս բերել իրավական հարթությունից, որպեսզի թույլ չտա «անշրջելի» իրավական ակտը, օրինակ, Ղարաբաղի անկախության ճանաչումը: Ինչպես նշում են փորձագետները, Բաքուն կարող է սադրանքի դիմել Հայաստանի հետ սահմանին:
Այդ սադրանքները կարող են ոչ միայն պատերազմի մեջ ներքաշել Հայաստանին, այլ նաեւ անհարմար դրության մեջ դնել նախ եւ առաջ Ռուսաստանին: Ինչպես նշված է ԱՄՆ Ազգային հետախուզության զեկույցում, պատերազմի դեպքում Ռուսաստանը ստիպված է լինելու օգնության հասնել իր դաշնակցին:
Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ Ղարաբաղը ՀԱՊԿ կամ էլ հայ-ռուսական անվտանգության պայմանագրի պատասխանատվության գոտում չէ: Այսինքն, Ռուսաստանին ռազմական գործողությունների մեջ ներքաշելու կամ էլ ինչ-ինչ դիվանագիտական խաղերի համար կարող է սադրանք կիրառվել ոչ թե Ղարաբաղում, այլ հայ-ադրբեջանական սահմանին: Դա պարտադիր չէ, որ մասշտաբային հակամարտության հանգեցնի, սակայն Ռուսաստանին կստիպի բարդ ընտրություն կատարել: Հնարավոր է, դրանով Բաքուն փորձում է «իր կողմը քաշել» Ռուսաստանին:
Կրեմլն այժմ նոր հակամարտության ժամանակ չունի, այնտեղ չեն կարողանում գլուխ հանել Սիրիայից, պատժամիջոցներից, ընտրություններից: Հնարավոր է, Ալիեւը Երեւանի հանդեպ հավակնությունները դիտավորյալ է Ռուսաստանի համար ամենից անհարմար պահի հայտնել:
Հիմա Բաքուն ոչ միայն փորձում է Մոսկվային սադրել Երեւանի մասին հայտարարություններով, այլ նաեւ ԿԳԲ-ի վրա գցել Սումգայիթի եւ ղարաբաղյան հակամարտության զինված փուլի պատասխանատվությունը:
Ինչու՞ է Բաքուն որոշել փոխել մարտավարությունը եւ սադրել Կրեմլին: Մինչեւ հիմա Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ յուրատեսակ «կոնսենսուս» կար Ռուսաստանի հարցում. Երկու կողմերն էլ զենք են գնում, Մոսկվայում շքերթների մասնակցում, սեղմում Պուտինի ձեռքը, բայց թույլ չէին տալիս ռուս խաղաղապահների մուտքը տարածաշրջան: «Երբ հարմար էր, հայերն ու ադրբեջանցիները մերժում էին ռուսական մասնակցությունը: Բաքուն եւ Երեւանը 1994 թվականին հենց այդպես վարվեցին, երբ միասին սաբոտաժի ենթարկեցին Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի ստորագրումից հետո շփման գծին ռուս խաղաղապահների տեղակայման ծրագիրը», - գրում է Կարնեգի հիմնադրամի փորձագետ Թոմաս դե Վաալը:
Կարելի՞ է պնդել, որ այդ կոնսենսուսն ավարտվել է, եւ Ադրբեջանը որոշել է, որ եկել է Ռուսաստանին սադրելու հարմար պահը:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am