«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի Արգամ Աբրահամյանը տեղյակ չէ, որ խմբակցությունը շրջանառության մեջ է դրել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու, ռեյտինգային կարգից ամբողջական համամասնական ընտրակարգին անցնելու նախագիծը, որը մերժվեց հանձնաժողովի նիստում: NEWS.am-ի հետ զրույցում նա ասել է, որ ռեյտինգային համակարգը իր համար խնդիր չէ:
Ազգային ժողովի տնտեսական հարցերով հանձնաժողովի նիստից հետո, երբ Արգամ Աբրահամյանից հետաքրքրվեցինք`որպես ռեյտինգային ընտրակարգով ընտրված պատգամավոր ի՞նչ դիրքորոշում ունի այս նախագծի մասին, պատասխանեց. «Երբ մեր խմբակցությունը կհայտնի դիրքորոշումը, կիմանաք»: Այսինքն` նա տեղյակ չէր, որ այս կապակցությամբ խմբակցությունը ոչ միայն դիրքորոշումը հայտնել է դեռեւս երկու տարի առաջ, այլեւ վերջին երկու ամսվա ընթացքում նախագիծ է շրջանառության մեջ դրվել:
Արգամ Աբրահամյանին հիշեցրինք աներոջ` Գագիկ Ծառուկյանի հայտնած դիրքորոշումը ռեյտինգային ընտրակարգի կապակցությամբ: Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը երկու շաբաթ առաջ մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ ռեյտինգային համակարգի խնդիրն այն է, որ քաղաքացին կուսակցությանն ընտրելու փոխարեն քվեն տալիս է քուչի տղային, քաղաքապետին, մարզպետին. ««Որ ասենք թե համապատասխան էսօր քաղաքացին, գյուղացին, ծառայողը, ուսանողը իրա ձայնը տալիս ա իրա քուչի տղուն, իրա թաղապետին, իրա քաղաքապետին, իրա մարզպետին, ոչ թե կուսակցությանը....»,-հայտարարել էր Գագիկ Ծառուկյանը:
Երբ Ծառուկյանի դիրքորոշումը հիշեցրինք, Արգամ Աբրահամյանը արձագանքեց. «Ինձ պրովոկացիոն հարցեր մի տվեք: Ով որ ներկայացնում է, գնացեք հարցրեք»: Մեր պնդմանը` ի՞նչն է այս համակարգի խնդիրը, Արգամ Աբրահամյանն ասաց. «Իմ համար խնդիր չէ», գրում է news.am-ը: