«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանը չստորագրեց Ասոցացման համաձայնագիր, սակայն ստորագրեց մեկ այլ փաստաթուղթ, որը շատ քիչ է զիջում նախկինում բանակցված փաստաթղթին: Բնականաբար, տեղի ունեցածի մեջ միայն ԵՄ-ին մեղադրելը սխալ եմ համարում, քանի որ բոլոր կողմերն էլ մեղավորության իրենց չափաբաժինն ունեին:

ԵՄ-ն պատրաստ չէր իրադարձությունների նման ընթացքի: ԵՄ-ն չգիտեր, թե ինչ է իրենից ներկայացնելու Եվրասիական տնտեսական միությունը, ԵՄ-ն չէր պատկերացնում նաեւ, թե ինչ է նշանակում Հայաստանի այդ որոշումը՝ միանալ Մաքսային միությանը, ժամանակ էր անհրաժեշտ, որպեսզի ԵՄ-ն ստանար իր հարցերի պատասխանները եւ կարողանար վերաիմաստավորել Արեւելյան գործընկերություն ծրագիրը նոր իրողություններ պայմաններում:

Կարծում եմ` դա ճիշտ որոշում էր ԵՄ-ի կողմից, քանի որ ԵՄ-ն կարողացավ գնահատել իրավիճակը, որի հիման վրա Վերանայված Հարեւանության քաղաքականություն ձեւավորեց եւ Հայաստանի հետ նոր համաձայնագիր»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Չարլզ Թեննոքը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մյունխենյան ելույթի այն հատվածին, որը վերաբերում էր ՀՀ-ԵՄ հարաբերություններին:

Նրա համոզմամբ, այդ ժամանակը նաեւ Հայաստանին էր անհրաժեշտ՝ հասկանալու համար, թե որոնք են այն սահմանափակումները եւ հնարավորությունները, որոնք ԵՏՄ է տալիս Հայաստանին:

«Ներկայումս ամիսներ առաջ ստորագրված համաձայնագիրը եւ օրերս ՀՀ-ԵՄ փաստաթուղթը ցույց են տալիս, որ կողմերը՝ անկախ ՀՀ-ԵՏՄ անդամակցության, ունեն փոխըմբռնման բավարար մակարդակ եւ հաստատուն քայլերով առաջ են գնում: Տպավորություն ունեմ, որ Հայաստանը նույնիսկ ցանկանում է վերադարձնել ՀՀ-ԵՄ հարաբերությունների այն արագությունը, որն ուներ Ասոցացման համաձայնագրի տապալումից առաջ: Դա մենք միայն ողջունում ենք եւ առաջընթաց ակնկալում»,- նկատել է խորհրդարանականը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում