«Իրատես» թերթը գրում է. «Ղարաբաղյան շարժման 30-ամյակին Ռոբերտ Քոչարյանի ներկայությունն անակնկալ էր: Իշխանության փոխանցման այս կարեւոր փուլում նախկին նախագահի «ծիկրակումը» պատահական չէր: Պաշտոնանկությունից հետո նման միջոցառումներին նա երբեք չի մասնակցել: Քոչարյանն այն անձը չէ, որ հենց այնպես ինչ-որ միջոցառման ներկայանա:

ՀՀԿ-ն որսաց նրա հայտնության պատրվակը եւ մուրազը փորում թողեց: Պատասխան հարվածի հնարավորությունը ընդդիմությունն ընձեռեց իշխանությանը, վերջինս էլ նշանակետին խփեց:

Անցած շաբաթ «Ելք» խմբակցությունը խորհրդարանական լսումներ էր կազմակերպել Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ, որի ընթացքում ՀՀԿ գաղափարական թեւից ակնարկեցին, թե Ռոբերտ Քոչարյանի ամենաճիշտ որոշումը քաղաքականությունից հեռու ու սուսուփուս մնալն է, այլապես շատ բան ջրի երես դուրս կգա:

«Դուք, արտակարգ դրություն հայտարարելը հիմնավորելով, հայտարարեցիք, որ ավտոբուսի հետեւից դուրս են գալիս ընդդիմադիրները, ավտոմատով կրակում են ու պախկվում են ավտոբուսի հետեւը: Բոլոր վիրավոր ոստիկանների դատաբժշկական փորձաքննության փաստաթղթերը նայեցինք, ոչ մի ոստիկան հրազենային վիրավորում չուներ: Հարց, պարոն նախագահ, բա որտեղի՞ց այդ ինֆորմացիան Ձեզ, որի հիման վրա Դուք որոշումներ ընդունեցիք, ինչը ճակատագրական եղավ այդ իրադարձությունների զարգացման համար»- ասաց ՀՀԿ հնաբնակ Սամվել Նիկոյանը:

Այստեղ են ասել. «Խաչն իմն է« զորությունը ես գիտեմ»: ՀՀԿ-ից լավ ո՞վ կարող էր այսպես խոցել Ռոբերտ Քոչարյանին:

Փաստորեն, առաջիկա կարեւոր իրադարձությունների շեմին ՀՀԿ-ն Քոչարյանին հասկացնում է, որ նորից «թաքստոցը» մտնի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում