Ադրբեջանը պետք է հրաժարվի Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ իր ագրեսիվ դիրքորոշումից: Այս մասին Եվրախորհրդարանում կլոր սեղանի ժամանակ հայտարարել է ՄԱԿ անկախ փորձագետը:

ՄԱԿ ժողովրդավարական եւ արդար միջազգային կարգի աջակցության հարցերով անկախ փորձագետ Ալֆրեդ դե Սայասը փետրվարի 27-ին Բրյուսելում ղարաբաղյան հակամարտությանը նվիրված կլոր սեղանի ժամանակ ելույթ է ունեցել:

«Ապրիլյան ագրեսիան խաղաղության եւ ՄԱԿ կանոնադրության խախտում էր, եւ այն պետք է դատապարտվի», - ասել է նա՝ հավելելով, որ Ղարաբաղն ինքնորոշման բացարձակ իրավունք ունի:

Ալֆրեդ դե Սայասը նշել է, որ ոչ ինքնորոշման իրավունքը, ոչ էլ տարածքային ամբողջականության իրավունքը բացարձակ չեն եւ պետք է օգտագործվեն որպես ՄԱԿ Կանոնադրության մի մաս:

Նա մի շարք եվրոպական երկրներ է թվարկել, որոնք միակողմանիորեն հռչակել են իրենց անկախությունը, շեշտելով, որ Ղարաբաղն ունի նույն իրավունքները: «Յուրաքանչյուր ոք ունի մարդու նույն իրավունքները: Ճանաչումը (Ղարաբաղը) մերժելու պատճառ չկա: Այս իրավունքը չի կարող կիրառվել ընտրովի », - ավելացրել է նա:

Կլոր սեղանը կազմակերպվել էր Բրյուսելում հայկական կազմակերպությունների եւ Եվրախորհրդարանի անդամներ Միշել Ռիվասիի եւ Լարս Ադաքտուսոնի կողմից: