Մահվան ելքով վթար Արարատի մարզում: ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ փետրվարի 27-ին ժամը 20:01-ին ահազանգ է ստացվել, որ Դալար-Դվին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. տուժած կա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Կանաչուտ գյուղի 45-ամյա բնակիչ Շահեն Խաչատրյանը Դալար-Դվին ավտոճանապարհին «LADA Priora» մակնիշի մեքենայով բախվել է Արտաշատի 49-ամյա բնակիչ Արսեն Հովհաննիսյանի «ԳԱԶ 53» մակնիշի մեքենային: «LADA Priora»-ի վարորդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Փաստի առիթով քրեական գործ է հարուցվել: Մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արտաշատի բաժնի հատուկ պահպանվող տարածք: