Ազգային ժողովում ընթանում է ՀՀ 4-րդ նախագահի ընտրության քվեարկությունը:

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը միակ թեկնածուն է. նրան առաջադրել է իշխող կոալիցիան՝ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն: ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու համար անհրաժեշտ է ԱԺ պատգամավորների 1/4-ի ստորագրությունը: «Ծառուկյան» խմբակցությունը ցանկություն չէր հայտնել թեկնածու առաջադրելու, իսկ «Ելք»-ը չուներ բավարար թվով պատգամավորներ՝ թեկնածու առաջադրելու համար:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքում, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի նախագահն ընտրվում է ոչ թե համաժողովրդական ընտրություններով, այլ Ազգային ժողովի կողմից: Քանի որ Հայաստանն անցել է խորհրդարանական կառավարման համակարգի, հետեւաբար երկրի թիվ մեկ պաշտոնյան լինելու է վարչապետը, իսկ նախագահի լիազորություններն էապես կրճատել են:

Նշենք, որ թեեւ Արմեն Սարգսյանի ընտրությունը կայանում է այսօր, սակայն իր լիազորությունները կստանձնի գործող նախագահի լիազորությունների ավարտին՝ ապրիլի 9-ին: