Թուրքական մամուլն արագ արձագանքել է հայ-թուրքական արձանագրությունների կնքման գործըթնացը դադարեցնելու մասին Հայաստանի նախագահի հայտարարությանը։

Թուրքական մամուլի մի մասն այն շոկային է անվանել, մի մասն ուղղակի անսպասելի քայլ համարել արձանագրությունների չեղարկումը Հայաստանի կողմից։

Թուրքական Milliyet-ը գրել է․ Հայաստանի նախագհ Սերժ Սարգսյանը ընտրություններին առաջ չեղարկեց դեռեւս 2009-ին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները»։

Yeni Akit-ը հետեւյալ կերպ է ներկայացրել․ «Հայաստանը Թուրքիայի հետ կապված շոկային որոշում է կայացրել։ Հայկական կողմը չեղարկել է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրությունները, որով նախատեսվում էր 1915-ի դեպքերը ուսումնասիրող հանձնաժողով ստեղծել»։

Իսկ թուրքական Myntet լրատվական կայքը Հայաստանի նախագահի որոշումը սկանդալաին է անվանել։ «Հայաստանի նախագահը չեղարկել է Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները կարգավորող արձանագրությունները, որոնք ստորագրվել էին Ցյուրիխում 2009 թվականին»,-հավելել է թուրքական կայքը։

Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով դադարեցրել է հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը:

Հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրությունները ստորագրվել էին 2009—ի հոկտեմբերի 11-ին Ցյուրիխում Շվեյցարիայի միջնորդությամբ։ Թուրքիան ստորագրելուց հետո մշտապես նախապայմաններ է առաջադրել եւ հրաժարվել կատարել արձանագրություններով ստանձնած պարտավորությունները։