Lragir.am-ը գրում է.

Կարեն Կարապետյանը թուղթ ու գրիչով տպավորիչ թվերի է հասել. Տնտեսական ակտիվությունը հունվարին արդեն երկնիշ թիվ է կազմում, իսկ 2017-ի տնտեսական աճը կարող է կազմել 7 տոկոս եւ ավելի:
Բացի այդ, կառավարությունը հրապարակել է ներդրումների վիճակագրությունը, եւ պարզվում է՝ գերակատարվել է վարչապետի խոստումը 850 մլն դոլարի ներդրումների մասին: Ըստ այդ վիճակագրության՝ ներդրումները կազմել են 856.5 մլն դոլար:
Ճիշտ է, ներդրումների անվան տակ ներկայացվել են նաեւ պետական եւ համայնքային բյուջեներից տրված միջոցները, վարկային ծրագրերն ու դրամաշնորհները, բացի այդ՝ նշված չեն մասնավոր ներդրումների մանրամասները:
Իսկ ինչ որ բան փոխվե՞լ է հանրության կյանքում: Այս թվերին զուգահեռ տեղի են ունենում «օպտիմալացումներ», սահմանափակվում են սոցիալական որոշակի ծրագրեր, սոցիալ-տնտեսական քաղաքականությունը մտնում է կոշտ ռեժիմ: Կառավարությունն ասում է, որ աշխատավարձն ու թոշակը առաջիկա տարիներին դժվար թե բարձրանան:
Թե կառավարության անդամները, թե մասնագետներն ասում են, որ առաջիկա տարիներին անհրաժեշտ է պահպանել այս բարձր տեմպերը, որպեսզի հանրությունն էլ արդեն զգա այդ աճը: Հայաստանի պարագայում սակայն պետք է նկատի ունենալ մեկ այլ հանգամանք՝ այդ աճը պետք է շարունակվի այնքան, մինչեւ «բավարարի» իշխող տնտեսա-քաղաքական համակարգի կարիքները, որպեսզի մի բան էլ հասնի հանրությանը:

Իսկ դա երբեւէ կլինի՞: Իրականության մեջ կառավարության հրապարակած աճը առայժմ աճ է իշխող համակարգի ու նրան «փոխկապակցված» շրջանակների համար: Դա երեւում է նրանց ներկայացրած գույքի ու եկամուտների հայտարարագրերից:
Որպեսզի այդ աճը վերաբերվի նաեւ մյուսներին, լուծվեն սոցալ-տնտեսական ու այլ խնդիրները, կամ պետք է փոխվի Հայաստանի տնտեսության կառուցվածքն ու բնույթը, կամ ստեղծվի «զուգահեռ տնտեսություն», ինչպես Կարեն Կարապետյանն էր ասում՝ ստեղծվի հավելյալ արժեք:
Կառավարության տնտեսական քաղաքականության մեջ երեւո՞ւմ են նման միտումներ:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am