Մարտի 3-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ քաղաքացին ժամը 23:30-ի սահմաններում դանակով զինված ներս է մտել Շահումյան գյուղի Մայիսյան փողոցի տներից մեկը եւ դանակի մի քանի հարված է հասցրել նույն տան բնակիչ, 60-ամյա Հրաչիկ Խաչատրյանի թիկունքի հատվածին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Հ. Խաչատրյանին, ով տեղափոխվել է Արտաշատի հիվանդանոց, դանակի մի քանի հարվածներ է հասցրել Երեւան քաղաքի բնակիչ, 33-ամյա Կարեն Մելքոնյանը:

Կայքի տեղեկություններով՝ Կ. Մելքոնյանը ժամը 23:00-ի սահմաններում մտել է Հ. Խաչատրյանի տուն, գողություն կատարելու նպատակով: Այդ ժամանակ տուն է մտել տան տերը եւ նա, նկատելով Հ. Խաչատրյանին՝ հարվածել եւ գցել է գետնին եւ իր մոտ եղած դանակով մի քանի անգամ հարվածել է տանտիրոջ թիկունքին, որից հետո հափշտակել է նրա բջջային հեռախոսն ու բաճկոնը եւ դիմել փախուստի:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժշետ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ: