Թիվը ստույգ չեմ հիշում, Արցախյան պատերազմի տարիներն էին․ Վազգեն Սարգսյանը պետնախարար էր Սյունիքում։ Նստում էր Գորիսում։ Ջահել, սիրուն տղա, ազապ։ Քաղաքականությունը քաղաքականություն, պատերազմը պատերազմ, բայց դե կյանքն էլ իրենն ուներ։ Շատերն էին երազում գոնե մի անգամ մոտիկից տեսնել նրան, դրանից ավել երազել չէին կարող։

Մեր սիրուն աղջիկներից մեկը տարվել էր նրանով։ Բայց դե ոչ հանդիպել կարող էր, ոչ էլ մի բան հասկացնել։ Ստիպված բանաստեղծություններ էր գրում։ Ցավն այն էր, որ դա ներկայացնում էր ինձ՝ որպես այդ ժանրի գիտակ։ Օրը մի քսանը գրում էր։ Գլուխս արդեն «բարաբան էր դարձել»՝ սև աչքերի, ծով աչքերի, կամար ունքերի, բոյ- բուսաթի գովերգումներից։

Վերջը մի օր էլ իմացավ, որ մեկ-մեկ գործի բերումով հանդիպում եմ Վազգենին (ռազմական թղթակից էի)։ Նրա համար Աստված դառա։ Դժվար տարիներ էին, ուտելու բան չէր ճարվում (բայց հազար երանի այդ տարիներին), այդ աղջիկը ինչ ասես ինձ համար չէր պատրաստում՝ էլ գաթա, էլ հալվա, էլ չարազ․․․ Անընդհատ իրենց տուն էր հրավիրում՝ Վազգենի մասին նոր բանաստեղծությունները կարդալու, բայց ես հո գիտեի, որ ինձ ի՜նչ արքայական սեղան է սպասվում։ Գնում, ծանր- ծանր նստում էի և լսում նրա լալահառաչ տողերը։ Սիրտ էի տալիս՝ հեչ մի նեղվի, Վազգենին որ չհասնես, հաստատ բանաստեղծ կդառնաս։

Մի օր էլ մի բանաստեղծություն գրեց՝ «Այդպես էլ կմնանք մենք օտար» վերնագրով․ այ շատ հուզիչ էր ու տվեց ձեռս՝ խնդրում եմ սա Վազգենին կհանձնես, որ մոտը ընկնես։ Ծրարի մեջ փաթաթեց, սրտիկներ նկարեց և հանձնեց։ Մնացել էի մոլոր։ Ախր իմ շփումը Վազգենի հետ զուտ գործնական էր, ախր․․․ Բայց դե աղջկա աղաչական հայացքը տեսնելով, լուռ վերցրի։

Հիմա գիտեմ, կասեք՝ դե շուտ վերջը ասա՝ հետո՜․․․ Հետո այն, որ «փարդա քաշեցի դեմքիս» ու մի հանդիպման ժամանակ հանձնեցի Վազգենին՝ ձեզ են գրել ու խնդրել, որ հանձնեմ։

-Սա ի՞նչ է,- հարցրեց։

-Բանաստեղծություն է,- ասացի,- ձեր նկատմամբ սիրո մասին։ Ոնց որ սիրո բացիկ էլի՜․․․

Իմ ասելու պարզ ձևը զինաթափեց նրան, սկսեց ծիծաղել։ Ծիծաղից ոգևորվեցի ու պատմեցի, որ աղջիկը օրը քսան բանաստեղծություն է գրում իր մասին։ Բացեց, կարդաց ու ասաց․

-Բա սրա ժամանա՞կն է․․․

Պատերազմ էր, դաժան պատերազմ։

ՀԳ Որ այս խելքով լինեի՝ կասեի՝ հա, Վազգեն, սրա ժամանակն է։

Հասմիկ Բաբաջանյան

Նյութի աղբյուրը՝ hraparak.am