Մենք չենք կարծում, որ ոստիկանությունը կամ ԱԱԾ-ն պետք է լինեն նախարարություն: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի քննարկման ժամանակ նշել է նախագիծը ներկայացնող Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու ոստիկանությունն ու ԱԱԾ-ն նախարարություններ չեն լինում, որ ենթարկվեն կառավարությանը, այլ ենթարկվելու են վարչապետին:

Պետության շենքը կառուցվում է մարմինների վրա, որոնք քաղաքականություն են վարում. ԱԱԾ-ն քաղաքականություն չի վարում, իսկ, օրինակ, ՊՆ-ն վարում է: Սա է սկզբունքային տարրը՝ որոշելու համար՝ այն ծառայություն է, թե նախարարություն: ՊՆ-ն ընդունում է ենթաօրենսդրական ակտեր, իսկ որեւէ ծառայության համար նման բան չենք նախատեսել»,-հայտարարեց Դավիթ Հարությունյանը՝ հավելելով, որ խոսքը նաեւ ոստիկանության մասին է. «Նրանք պետք է կատարեն որոշումներ, ոչ թե քաղաքականություն իրականացնեն: Մենք չենք կարծում, որ դրանք պետք է լինեն նախարարություն: Քաղաքականությունն այդ ոլորտներում պետք է վարվի, որոնց համար պետք է պատասխանատու լինի կառավարության որեւէ անդամ: Տվյալ պարագայում նպատակահարմար ենք համարել այդ պատասխանատվությունը վերապահել վարչապետին»,-ընդգծեց Դավիթ Հարությունյանը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նկատեց, որ օրինակ ոստիկանության կողմից ընդունված ենթաօրենսդրական ակտերի միայն վերնագրերի շարադրանքը 35 էջից ավելի է: «Հիմա սկզբունքորեն փոխում ենք իրավիճակը եւ որոշում, որ այլեւս ներմատիվ իրավական ակտ չեն ընդունելու: Չափազանց կտրուկ փոփոխություն է սա»:

Դավիթ հարությունյանը նշեց, որ այդպես սահմանված է Սահմանադրությամբ, իսկ նորմատիվ իրավական ակտ ընդունելու թույլտվությունը ոստիկանությանը կամ մեկ այլ ծառայության կարող է տրվել առանձին քննարկելով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ շրջանառության մեջ է դրվել «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի բնախագիծը, որոք նախատեսվում է, որ վարչապետի ենթակայության տակ կլինի 4 մարմին՝ ԱԱԺ-ն, ոստիկանությունը, Պետական պահպանության ծառայությունը եւ Պետական վերահսկողական ծառայությունը: