«Ժամանակ». «Գրությամբ դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին՝ Ռոբերտ Քոչարյանին «Մարտի 1-ի» սպանությունների գործով հարցաքննության կանչելու համար»,- այս մասին Ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասել է ԱԺ «Ելք» խմբակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: «Պահանջում եմ, որ Գլխավոր դատախազը միջոցներ ձեռնարկի, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը հարցաքննվի»,- ասել է Փաշինյանը: «Ելք» խմբակցության ղեկավարի դիմումը խիստ տրամաբանական է հենց Մարտի 1-ի ոճրագործության բացահայտման համատեքստում: Սակայն խիստ ուշագրավ է Փաշինյանի նախաձեռնության ժամանակը եւ ներքաղաքական համատեքստը:

«Ելքը» Մարտի 1-ի թեմայով նախաձեռնել էր խորհրդարանական լսումներ, որից հետո Հանրապետական մեծամասնությունը անակնկալ պաշտպանեց այս հարցը ԱԺ օրակարգում ներառելու ընդդիմության նախաձեռնությունը: Ավելին` ԱԺ Մարտի 1-ի հարցերով զբաղվող նախկին ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը հրապարակավ հայտարարեց Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության կանչելու անհրաժեշտության մասին:

Ակնհայտ էր, որ ՀՀԿ-ն նախաձեռնությունն ինչ-որ իմաստով խլեց «Ելքից». թե ինչո՞ւ հենց այս պահին Սերժ Սարգսյանին անհրաժեշտ եղավ Մարտի 1-ի «զենքն» օգտագործել Ռոբերտ Քոչարյանի դեմ` վերլուծելու միանգամայն այլ թեմա է: Ամենահավանական վարկածը թերեւս այն է, որ Սարգսյանը Մարտի 1-ի գործոնը մտադիր է օգտագործել համակարգային տրանսֆորմացիայի բազմաշերտ գործընթացում` իշխանությունը Քոչարյանի կադրերից վերջնականապես մաքրելու համար: Երբ հասարակությունը եւ ընդդիմությունը կորցրել են իրենց սուբյեկտությունը, դժվար է պատկերացնել, որ Մարտի 1-ի ոճրագործությունն ամբողջական եւ լիարժեք բացահայտման շանս ունի, ավելի շուտ ակնհայտ է, որ այն` որպես համակարգաստեղծ գործոն, ծառայեցվելու է համակարգային նոր ստատուս-քվո ձեւավորելու հարցում: Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղերձն, հետեւաբար, չի կարող գոնե այս պահին նպաստել քննության օբյեկտիվությանը որակապես նոր քաղաքական իրավիճակ ստեղծել երկրում:

Այն ավելի շուտ միտված է նրան, որ Սերժ Սարգսյանը զրկվի մանեւրելու հնարավորությունից եւ Ռոբերտ Քոչարյանի դրվագն օգտագործի ոչ թե ֆրագմենտալ խնդիր լուծելու, այլ` ավելի երկարաժամկետ խորքային կտրվածքով: Նիկոլ Փաշինյանն, ինչ-որ իմաստով, մեսիջ է հասցեագրել Սերժ Սարգսյանին:

Ռոբերտ Քոչարյանի «գլուխը» այսօր պահանջում են ոչ միայն հասարակության եւ ընդդիմության մեծ մասը, այլ նաեւ` իշխանության շատ սեգմենտներ, որոնք ուզում են վերջապես ազատվել Մարտի 1-ի բեռից: Մարտի 1-ը Քոչարյանի վրա «դուրս գրելը» ոչ միայն էապես կփոխի իշխանության բնույթը, այլ նաեւ կսրող է որոշակի կենսունակություն հաղորդել «Ելքին»` դառնալով իշխանություն – ընդդիմություն նոր հարաբերությունների մեկնարկ: Առնվազն հարթակ կարող է ձեւավորվել իշխանության եւ ընդդիմության երկխոսության համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում