Արգանդի պարանոցի ՊԱՊ թեստավորում կոչվող սքրինինգ-բջջաբանական հետազոտության անցկացման ժամանակագրական առանձնահատկությունները և պարբերաբար կատարվող սքրինինգի սկզբունքները.

Ինչպես ցանկացած արգանդի պարանոցի քաղցկեղի թեստավորում այնպես էլ ՊԱՊ թեստավորումը ունի գրագետ կատարման մոտեցում և ժամանակագրական հաջորդականություն: Ցանկացած սեռահասուն կին ունի հստակ ձևավորված սեռական համակարգ, սակայն կնոջ օրգանիզմը յուրահատուկ է իր թե ֆիզիոլոգիական և թէ անատոմիական կառուցվածքով: Արգանդի պարանոցը կամ վզիկը համարվում է վերարտադրողական կարևորագույն գործառույթ կատարող օրգանական հատված, որը բացի վերարտադրողական ֆունկցիայից նաև իրականացնում է`

- Էնդոկրին,

- Պաշտպանողական և

- Տրանսպորտային ֆունկցիաներ:

Մարդու պապիլոմա վիրուսով վարակված` արգանդի պարանոցի տափակ էպիթելային բջիջները, ախտահարման հետևանքով կորցնում են վերոնշյալ գործառույթները կատարելու կարողությունը: Արդեն իսկ նախաքաղցկեղային և քաղցկեղային բջիջները ախտահարելով հարևան հյուսվածքները և սեղմելով հարակից արյունատար անոթներին առաջացնում են նյութափոխանակության և գազափոխանակության խորը խանգարումներ, որոնք աստիճանաբար խորանալով առաջացնում են մեռուկացումներ և լուսանցք է բացվում ամբողջ փոքր կոնքի օրգաններում, ընդհուպ նաև թափածակում է միզապարկի ստորին պատը: ՊԱՊ թեստավորման կարևորությունը կայանում է վաղ ախտորոշման և կանխարգելման գործում:

Արդյո՞ք անհրաժեշտ է հղիության պլանավորման ժամանակ հանձնել ՊԱՊ թեստավորում.

Ցանկացած 30 տարեկան և անց կին 3 տարին մեկ անգամ պարտադիր պետք է հանձնի ՊԱՊ թեստավորում: Այս տարիքային սանդղակում ներառված կանայք հղիության պլանավորման ժամանակ պարտադիր պետք է հանձնեն ՊԱՊ թեստ, քանի որ ախտահարված հյուսվածքը կարող է պռովոկացվել հղիությամբ:

Հնարավոր է նաև հակառակը` հղիության ընթացքում ախտահարված հյուսվածքը հետ զարգանա և ինքնամաքրվի, սակայն նման երևույթներ շատ քիչ են հանդիպում գինեկոլոգիական պրակտիկայում:

Արդյո՞ք ազդում են արդեն իսկ բուժված էպիթելային բջջանքի հիվանդությունները` հղիության ընթացքի և ծննդաբերության կենսամեխանիզմի վրա.

Ցանկացած պարագայում բուժված և վերականգնված էպիթելային հյուսվածքը վերականգնվում է ամբողջովին և կրկին կատարում իր կարևորագույն ֆունկցիաները: ՊԱՊ սքրինինգ անցած կանանց` այն զանգվածը, որը պարբերաբար կատարում է թեստավորում նաև ինքնաբերաբար ստանում է հետագա հղիության պլանավորման, ընթացքի և վարման վերաբերյալ խորհրդատվություն: Նախկինում առաջացած և լիովին բուժված էպիթելային դիսպլազիաները, նախաքաղցկեղը կամ քաղցկեղը ոչ մի կերպ չի կարող խանգարել հղության ընթացքին և ծննդաբերությանը:

Ինչո՞ւ է անհրաժեշտ ամեն 3 տարին մեկ անգամ կրկնել ՊԱՊ թեստավորումը, ո՞րն է եռամյա ժամկետի ժամանակագրական առանձնահատկությունը.

Պապիլոմա վիրուսի քաղցկեղածին շտամների (16,18, 30, 31, 35) ներթափանցման և ախտահարման պահից մինչ քաղցկեղի առաջացումը տևում է 11-14 տարի, սա բավականին երկար ժամանակահատված է, սակայն նույնիսկ այս երկարամյա կլինիկ-պաթոլոգիկ վիճակում ոչ մի ախտանշան չի դրսևորվում, այդ իսկ պատճառով հիվանդությունը ունի շատ մեծ մահացության ցուցանիշ: Վարակված բջջանքից նախաքաղցկեղի առաջացումը տևում է 4-5 տարի, իսկ նախաքաղցկեղից` քաղցկեղի առաջացումը տևում է 5-7 տարի: Եռամյա ժամկետի կարևորությունն այն է, որ ցանկացած պարագայում ՄՊ վիրուսի ներթափանցումը 3 ամյա ժամկետում ոչ մի ախտաբանական վիճակի չի կարող հանգեցնել, այլ պարզապես կարող է ընդամենը տեղակայվել և հետևողական սքրինինգի ընթացքում հայտնաբերվել ու վերացվել:

Ինչպե՞ս կարող են հայ կանայք անցնել սքրինինգ հետազոտություն, ՀՀ ո՞ր բուժ հիմնարկներն են կատարում անվճար սքրինինգ թեստավորումներ և արդյո՞ք ՀՀ բուժ հիմնարկներում անցկացված սքրինինգ հետազոտությունները համապատասխանում են միջազգային ստանդարտներին.

Ազգային առողջապահության ինստիտուտի, պերինատալոգիայի ինստիտուտի և առողջապահության նախարարության համատեղ ուժերով՝ համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ 2015թ.-ին մեկնարկեց՝ «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» սքրինինգ ծրագիրը: Մշակվեցին և տպագրվեցին ուղեցույցներ բժիշկների համար: Առաջնային օղակի 2700 բժիշկ անցավ բժշկական վերապատրաստում: Գնահատվեցին հանրապետության մարզային համայնքների և Երևան քաղաքի լաբարատորիաները, ինչպես նաև վերազինվեցին նորագույն սարքավորումներով:

ՀՀ ԱՆ առաջնային օղակի բուժ հիմնարկներում` 2015թվականից մինչև 2018թվականի փետրվարի 1-ը արգանդի պարանոցի քաղցկեղի սքրինինգ ՊԱՊ թեստավորում է անցել շուրջ 178.000 կին: Որոնց 74%-ի մոտ ատիպիկ (տարօրինակ) բջջաբանական շեղումներ չեն նկատվել` տվյալ կանայք պրակտիկ առողջ են: 22%-ի մոտ հայտնաբերվել են նախաքաղցկեղային նորագոյացություններ և վիրուսակիր բջիջներ: 4%-ի մոտ հայտնաբերվել են արդեն իսկ արմատավորված քաղցկեղային վիճակներ:

Ցանկացած կին 30-68 տարեկան հասակում պարտավոր է իր առողջական վիճակի պահպանման նպատակով հետազոտվել ՀՀ ԱՆ առաջնային օղակի բուժ հիմնարկներում` քաղաքային պոլիկլինիկաներում և գյուղական ամբուլատորիաներում բացարձակապես ԱՆՎՃԱՐ: Հետազոտությունները կատարում են վերապատրաստված բջջաբանները և մանկաբարձ- գինեկոլոգները, ՀԱԿ-ի վերահսկողության ներքո: ՀՀ ԱՆ առաջնային օղակի բուժ հիմնարկներում կատարված սքրինինգ հետազոտությունները լիովին համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին