Երեկ՝ մարտի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 21։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռուսթավելի փողոցի 49 տանը հրդեհ է բռնկվել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, դեպքի վայր են ժամանել թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվում նշված տան բնակչուհի՝ 63-ամյա Հասմիկ Պ.-ից, ով հայտնում է, որ եղբայրը սպառնացել է իրեն եւ այրել է տունը։

Հրշեջ-փրկարարները քաղաքացիների օգնությամբ նախ կանխել են կրակի տարածումը, իսկ հետո մարել այն։

Հասմիկ Պ.-ն իրավապահներին հայտնել է, որ եղբայրը տան բակում դիտավորությամբ այրել է իր հագուստներն ու իրերը։

Փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումեր՝ կասկածյալ, 61-ամյա Հարություն Պ.-ին հայտնաբերելու ուղղությամբ։