Երեկ Բաղրամյան 26-ում մե խինդ, մե ուրախություն էր։ Սերժ Սարգսյանն իր շուրջն էր հավաքել տարբեր բնագավառների կանանց ու «բաժանում» էր ավանդական մեդալներն ու կոչումները։ Իսկ հանձնվող ամեն մեդալի հետ «պայթում» էր ֆեյսբուքյան զայրույթը։

Երեկ մենք անդրադարձանք նախագահի հրամանագրերից ամենաուշագրավին, որով հեռուստատեսության բնագավառում բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար պրոդյուսեր, սցենարիստ Դիանա Գրիգորյանը պարգևատրվեց Մովսես Խորենացու մեդալով:

Նշենք, որ Մովսես Խորենացու մեդալը շնորհվում է մշակույթի, արվեստի, գրականության, կրթության, հասարակագիտական գիտությունների և սպորտի բնագավառներում ունեցած ակնառու նվաճումների համար:

Ֆեյսբուք սոցցանցում բողոքի մեծ ալիք բարձրացավ, գրեթե միահամուռ կերպով օգտատերերը քննադատեցին ու շարունակում են քննադատել Դիանա Գրիգորյանի «մեդալը», շատերը շտապեցին հիշեցնել, որ տարիներ շարունակ նա հանրությանն է մատուցել «գռեհիկ բառապաշարով, ծեծող ու ջարդող սցենարներով նույնամակարդակ սերիալներ»։

Այս համատեքստում օգտատերերը հիշեցրին նաև․

Դավիթ Սարգսյան- Ի դեպ, որևէ պետական կոչում չունեն Վարդան Պետրոսյանը, Արաքս Մանսուրյանը, Ռուբեն Հախվերդյանը, Լիլիթ Պիպոյանը, Արթուր Մեսչյանը, Տիգրան Համասյանը, Վահան Արծրունին, Էդուարդ Զորիկյանը, Ռոման Բալայանը, Արտո Չաքմաքչյանը, այլ արժանիներ...Այս դեպքում դա երևի արդեն ոչ թե նսեմացնում, այլ զարդարում է նրանց...

Սամվել Խուդոյան- Էսօր մեզանում պետական պարգևն, իմ կարծիքով, ավելի շատ վարկաբեկող, վարկանիշը գցող բան է, քան պատիվ բերող և նշանակում է, որ անճաշակները, անմակարդակները, թալանչիներն ու կաշառակերները, քծնողները քեզ նկատել են ու իրենցն ու իրենց նման են համարում: Չնայած հաճախ շատ արժանի մարդիկ են պարգևատրվում:

Փայլակ Ֆահրադյան- Դիանա Գրիգորյանը Խորենացու մեդալով պարգեւատրվելուց հետո հարցրել է, իսկ Խորենացին ո՞վ է...

Բացի Դիանա Գրիգորյանից՝ նույն մեդալով պարգևատրվել են՝

Մշակույթի բնագավառում ներդրած ավանդի համար Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մեներգեցողության թիվ 2 ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գայանե Պարույրի Գեղամյանին պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով:

Կրթության զարգացման գործում ներդրած ավանդի համար «Այբ» դպրոցի փոխտնօրեն Սիլվիա Նուբարի Նաջարյանին պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով:

Մշակույթի բնագավառում ներդրած ավանդի համար ռեժիսոր, սցենարիստ Էլմիաննա Արտյոմի Հեքեքյանին պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով:

Կրթության զարգացման գործում ներդրած ավանդի համար «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փոլի Փափազյանին պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով:

Լրագրության բնագավառում ներդրած ավանդի համար Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Գերասիմի Սեյրանյանին պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով:

Սերժ Սարգսյանը պետական բարձր պարգևներով է խրախուսել Բ-26-ում հյուրընկալված կանանց։

Ցանկը՝ հետևյալ հղումով։

Նյութի աղբյուրը՝ hraparak.am