ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ ապօրինի վարձատրություն ստանալու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղակացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Ավագ քննիչին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ․դեկտեմբերի 12-ից զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչի պաշտոնը, խարդախության եղանակով բնակարանների հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ իր վարույթում քննվող գործով Ռ. Հարությունյանի օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու եւ անգործություն դրսեւորելու համար, 2015թ․ հոկտեմբերի 24-ին Հյուսիսային պողոտայի 11 շենքի 18 բնակարանի զննության օրը՝ նույն շենքի բակում, ընդունել է Արտավազդ Վահրամյանի կողմից իրեն 10 000 ԱՄՆ դոլար կաշառք տալու առաջարկը:

2015թ․հոկտեմբերի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ստացել է կաշառքի մի մասը՝ 2000 ԱՄՆ դոլարը, որից հետո շահադիտական նպատակով չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, չի կատարել օբյեկտիվ քննություն, գործով անցնողներից ոմանց էլ չի հարցաքննել:

Լեւոն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի եւ 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Լեւոն Գրիգորյանը կալանավորված է: Գործն ուղարկվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: