1997 թվականի օգոստոսի 21-ին ավազակները Ջրվեժի ամառանոցներից մեկն էին ներխուժել ուշ երեկոյան: Դիմակներով էին, զինված՝ մեկի ձեռքին ավտոմատ կար, մյուսի ձեռքին՝ երկաթե խողովակ: Ներխուժել էին անսպասելի:

Ավազակներն ինքնավստահ էին, բայց տանտերերը նրանց դիմադրել էին: Անզեն մարդկանց դիմադրությունից անակնկալի եկած ավազակները զայրացել էին: Ավտոմատավորն անկանոն կրակել էր հատակին: Հետո կրակել էր տանտիրոջ վրա ու սպանել էր նրան:

Տանտիրուհին վերհիշում էր. «Այդ «Փոլո» կոչեցյալը ոտքն ամուսնուս կրծքին դրեց, համոզվեց, որ սպանել է: Հետո ավտոմատը ձեռքից կախ տված, հատակին արյունոտ ոտնահետքեր թողնելով՝ անտարբեր ու դանդաղ դուրս գնաց…»:

«Փոլոն» հետագայում ասելու է. «Ինձ հրեցին, ընկա, բարձրացա, այդ ընթացքում զենքս կրակեց… Չտեսա, որ մարդ ընկավ… Փախչելու տեսադաշտս բաց էր, դուրս եկա, դրսում Արամիկը հուշեց՝ էնտեղ մեկին կպել ա…»:

Հարձակման հաջորդ օրը տուժողների բարեկամները հավաքվել էին նրանց տանը: Սպանվածի կնոջ քեռորդին էլ էր նրանց մեջ: Ցավակցել էր ու խոսքի մեջ հարցրել. «Քուրո՛, բա դրանց ուզածն ի՞նչ էր»:

Կինը արտասուքների միջից պատասխանել էր. «Ոչ մի բան էլ չէին ուզում, Ստյո՛պ ջան, մտան, սպառնացին, կրակեցին ու թողեցին-գնացին…»:

Ստյոպը ակտիվորեն մասնակցել էր թաղման արարողությանը, ապա սպանվածի կնոջը «բարեկամաբար» խորհուրդ էր տվել սպանության մասին չհայտնել ոչ ոքի, հայտարարել, թե ամուսինը պատի վրայից անզգուշաբար ընկել ու մահացել է: Իբր՝ «ավելորդ քաշքշուկի մեջ չընկնելու, ավելորդ խոսակցությունների առիթ չտալու համար» էր խորհուրդ տալիս…

Դեպքից համարյա երեք շաբաթ անց՝ սեպտեմբերի 9-ին տուժողներն իմացել էին, որ քեռորդին՝ «խորհրդատու» Ստյոպը՝ Ստեփան Ն.-ն, ձերբակալվել է ու կասկածվում է իրենց տան վրա կատարված ավազակային հարձակման համար: Ու՝ ոչ միայն այդ ավազակային հարձակմանը…

1997 թվականի սեպտեմբերի 5-ին Երևան-Սևան մայրուղու 30-րդ կմ անտառաշերտի հետևում կանգնած մեքենայի մեջ 2 դիակ էր հայտնաբերվել: Տղամարդ ու կին էին: Նրանց վրա կրակել էին մոտ տարածությունից:

Դատաձգաբանական փորձաքննության եզրակացությամբ՝ այս տուժողների վրա նույն զենքով էին կրակել, ինչ՝ Ջրվեժի ամառանոցում՝ օգոստոսի 21-ին…

Չորս օր անց ձերբակալվել էր Ստեփան Ն.-ն էր` 1961 թվականին ծնված, ամուսնալուծված, կանանց շրջանում հաջողություններ ունեցող տղամարդ: Առաջին անգամ դատապարտվել էր 1984 թվականին՝ կողոպուտի համար:

1993 թվականին 8 տարի ազատազրկման էր դատապարտվել գողության ու ապօրինի զենքի համար:

1996 թվականին Էրեբունու ժողդատարանի որոշմամբ Ստեփան Ն.-ն տեղափոխվել էր գաղութ-բնակավայր:

1997 թվականին նա՝ դեռևս դատապարտյալ ու պատժի 3 տարի 3 ամիսը դեռ չկրած, բայց գաղութ-բնակավայր տեղափոխված ու հարաբերական ազատություն վայելող Ստեփանը դարձել էր բանդայի հիմնադիր:

Խմբի մեջ էր ներգրավել 1968 թվականին ծնված, «Փոլո» մականունով Սերգեյ Պ.-ին ու 1971 թվականին ծնված Արամիկ Վ.-ին:

1997 թվականի հունվարին Ստեփանը 12 հազար դրամ պարտքի դիմաց ծանոթ Մանուկից վերցրել էր նրա մոտ ապօրինի պահվող ավտոմատը: Զենքը սարքին չէր: Ստեփանն այն նորոգելու էր տվել քրոջ ամուսնուն՝ Մանվելին: Վերջինս ոչ միայն նորոգել էր ապօրինի զենքը, այլև իր կողմից Ստեփանին «նվիրել էր» 70 փամփուշտ:

Ստեփանը «Փոլոյին» հանդիպել էր պատահաբար: Ասել էր. «Դեկորատիվ ձկնիկներ եմ աճեցնում, արի տես»:

«Փոլոն» շուտով Ստեփանի համար յուրային էր դարձել: Մի օր էլ Ստեփանը նրան ցույց էր տվել զենքը, ասել էր, թե դրանով հնարավոր է փողատեր դառնալ: «Փոլոն», իր խոսքով՝ ո՛չ «հա» էր ասել, ո՛չ «չէ»:

Ստեփան Ն.-ն երկու ավազակային հարձակում էր կազմակերպել, երկուսն էլ՝ իր բարեկամների տների վրա: Մի անգամ էլ ընկերոջը գողության էր ուղարկել իր սիրուհու տուն…

Դատարանում Ստեփանն ասում էր, թե հավատացյալ է: Չէր զլանում խաչակնքել ու մանրիկ աչքերը պարզում էր երկինք…

Մինչ Ստեփանը խաչականքում էր դատարանում, «Փոլոն» խոսովանական ցուցմունք էր տալիս:

Նա հայտնեց, թե իրենց խմբի առաջին գործը Ստյոպի հորքուրի աղջկա տան գործն էր: Ստյոպն ասել էր, թե նրանք «լավ հնարավորության մեջ են ապրում, կարելի է գնալ ու խլել»: Ստյոպի մեքենայով երկուսով գնացել էին Խարբերդ՝ Ստյոպի հորաքրոջ աղջկա ամառանոց:

Ըստ դերաբաշխման՝ Ստյոպը պիտի հեռվում սպասեր, իսկ «Փոլոն» պիտի հարձակվեր: Ավտոմատը ձեռքին, դիմակավորված՝ թակել էր ամառանոցի դուռը: Տանտերը բացել, ավտոմատն ու դիմակը տեսել ու դուռը թափով վրա էր բերել:

«Փոլոն» ասաց. «Ես դաժե կարող էի կրակել, բայց սպանելու մտադրություն չունեի… Ուղղակի չէի սպասում, որ դուռն էդքան արագ կփակվի… Հայհոյեցի, սպառնացի, պահանջեցի բացել դուռը, չբացեցին:

Վերադարձա Ստյոպի մոտ: Հետ էկանք Երևան…»:

Մյուս գործը «Նիվայի» գործն էր: Սևանի ճանապարհին էին, գնում էին ձկան կեր բերելու: Ճանապարհից դուրս մի մեքենա էին տեսել: Տղա ու աղջիկ էին մեքենայի մեջ: Ստյոպը՝ դիմակով, «Փոլոն»՝ ավտոմատով մոտեցել էին նրանց թալանելու: «Նրանց լավ ձևով ասվեց, որ սպանելու չենք եկել: Ինչ ունեին-չունեին՝ տվեցին: Աղջիկն օգնում էր տղային, որ հաստ ոսկե շղթան արագ հանի պարանոցից: Մեքենայի բանալին էլ վերցրինք: Զգուշացրինք, որ չշարժվեն…»:

Այդ օրը՝ 1997 թվականի սեպտեմբերի 3-ին հափշտակել էին 300 հազար դրամի ոսկեղեն ու 25 հազար դրամ:

Երրորդ գործը, ըստ «Փոլոյի», Ստյոպի ընկերուհու տանից կատարված գողությունն էր: Նրա «ականջովն էր ընկել», որ ընկերուհու տանը հազար դոլար կա: Տան տեղն ասել էր «Փոլոյին», իսկ ընկերուհուն ու նրա երեխային մեքենայով տարել էր Սևան:

«Փոլոն» այդ տանը ոչ մի դոլար չէր գտել, հափշտակել էր 17 հազար 500 դրամ…

Գործերից մեկն էլ Ստյոպի հորքուրի տան գործն էր: Իրենց խմբում ընդգրկել էին երրորդ անդամին՝ Արամիկին:

Ավազակախմբի բացահայտման օրը իրավապահների հարցին՝ ո՞վ պիտի լիներ հաջորդ զոհը, պատասխանել էին՝ Արամիկը, նա թույլ էր, մի օր կմատներ… Հետո ասել էին, թե կատակել էին…

Արամիկը, իրոք, ուժեղ չէր: Ստյոպի հորաքրոջ փեսայի սպանությունից հետո ֆիզիկապես շատ վատ էր զգում: Ստյոպի հորաքրոջ տուն «Փոլոն» ու Արամիկն էին ներխուժել, Ստյոպը մեքենայով սպասել էր հեռվում:

Հանցընկերները հարձակումից վերադարձել էին ձեռնունայն ու արյունոտ, մարդկային մի կյանք խլած…

Մյուս գործը Երևան-Սևան մայրուղու վրա էին «պատահացրել»: Ճամփից դուրս կանգնած մեքենա, մեքենայի մեջ՝ տղամարդ ու կին: Ստյոպն ու «Փոլոն» էին մոտեցել՝ դիմակով, զինված: Ոսկեղեն էին պահանջել, գումար: Մեքենայում եղած տղամարդը հաշմանդամ էր, չէր հավատացել, որ ավտոմատավորը իրոք կկրակի: Ավելին՝ տղամարդը մատները ատրճանակի պես պահել ու «քըխ, քըխ» էր արել՝ ինչպես մանկական կռիվ-կռիվ խաղում: Ասել էր՝ մենք էլ կարող ենք կրակել: Իրավիճակը լուրջ չէր ընդունել: Իսկ ավտոմատավորը կրակել էր իսկականից: Մեքենայում գտնվող կնոջն էլ չէին խնայել: Մոտ տարածությունից կրակել-սպանել էին…

Խումբը նոր հարձակում էր ծրագրում, երբ բացահայտեցին…

Գերագույն դատարանի քրեական գործերով կոլեգիան շահադիտական դրդումներով երեք մարդու սպանության, մի քանի ավազակային հարձակումների ու գողության, ապօրինի զենք պահելու համար Ստեփան Ն.-ին ու «Փոլոյին»՝ Սերգեյ Պ.-ին, դատապարտեց պատժի առավելագույն չափի՝ մահապատժի: Արամիկ Վ.-ն դատապարտվեց 10 տարի ազատազրկման:

Դատավճռում արձանագրվեց. «Սերգեյ Պ.-ին պատկանող կապույտ պայուսակը վերադարձնել նրա ծնողներին»:

Նյութի աղբյուրը՝1in.am