Վրացական 10 հասցեում 20 օր առաջ տեղի ունեցած պայթյունից հետո սկսվել են մուտքի վերանորոգման աշխատանքները: Բնակիչները NEWS.am-ի հետ զրույցում ասել են, որ աշխատանքներն էլի չէին սկսվի, եթե «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանին չհրավիրեին, եւ վերջինս չբարձրաձայներ խնդրի մասին:
«Եթե Զարուհի Փոստանջյանը չգար, չնկարեր, էլի չէին գա փորձաքննության համար չափ ու ձեւ անեին, կամ էս մուտքի վերանորոգումն էլ չէր լինի: Միայն Զարուհու գալուց հետո սկսեցին տեղից շարժվել», ասել է պայթյունից տուժած բնակիչ Էրիկ Հովհաննիսյանը:
Երեւանի ավագանու վերջին նիստում սկանդալային միջադեպից հետո լուծվել է Նուբարաշենի կոյուղագծի հարցը: Բնակիչները տեւական ժամանակ բողոքում էին գարշահոտից, հարցը լուծում չէր ստանում: Երկիր Ծիրանի խմբակցության ավագանու անդամները կեղտաջրերից նմուշ էին տարել Երեւանի ավագանու նիստին եւ այն փորձում էին մատուցել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որից հետո էլ տեղի ունեցավ բռնությունը նրանց դեմ:
Բայց միջադեպից հետո հարցը լուծվեց: Հիմա սկսել են աշխատել նաեւ Վրացական փողոցում պայթյունից տուժած շենքում: Երեւի Տարոն Մարգարյանը վախեցել է, որ այս անգամ կեղտաջրի փոխարեն պայթուցիկ են բերելու:
Երկիր Ծիրանի կուսակցությանն օգնության համար դիմել են եւ շարունակում են դիմել Երեւանի տարբեր թաղամասերում տարիներ շարունակ չլուծվող խնդիրներից տառապող բնակիչներ:
Այսպիսով, կարելի է արձանագրել, որ Երեւանի իրական իշխանությունը Երկիր Ծիրանի խմբակցությունն է, իսկ քաղաքապետը՝ Զարուհի Փոստանջյանը: Երեւանի ՀՀԿ-ական ավագանին ու դե յուրե քաղաքապետը զբաղված են այլ խնդիրներով, որից գալիս է մեկ այլ բույր՝ կոռուպցիայի: Ահռելի միջոցներ են ծախսվում Երեւանի համար անպետք ու երեւանցիների համար անիմաստ բաների վրա, փոխարենը չեն լուծվում տարրական հարցերը՝ աղբ, գարշահոտ, մարդասպան վերելակներ եւ այլն:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am