«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւան քաղաքի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունն առաջարկում է Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում՝ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի ետնամասում տեղադրել Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան: Նախագիծը կքննարկվի Երեւանի ավագանու մարտի 19-ին կայանալիք նիստում:

Առաջին հայացքից թվում է՝ տեղին, ինչ-որ տեղ ուշացած նախաձեռնություն է, որովհետեւ արյունոտ իրադարձություններից անցել է մի ամբողջ տաս տարի, եւ մայրաքաղաքում չկա գոնե մեկ հուշարձան, որը կարժեւորի Մարտի 1-ի զոհերի հիշատակը:

Սակայն արտաքին տպավորությունն ի դերեւ է լինում, երբ ծանոթանում ենք Զարուհի Փոստանջյանի ներկայացրած նախագծի «Քաղաքական հիմնավորում» բաժնին, որտեղից այնպիսի տպավորություն է ձեւավորվում, թե Մարտի 1-ի իրադարձությունների հիմնական պատասխանատուն 1996-ին Վազգեն Սարգսյանի կողմից արված մի հայտարարություն է, որի իմաստն այն էր, թե այդ օրերի ընդդիմությանը իշխանություն վստահել չի կարելի, եթե նույնիսկ վերջինս ստացած լինի 100% քվե:

Վազգեն Սարգսյանն այդ միտքն արտահայտել է 1996-ի նախագահական ընտրություններից հետո, երբ Վազգեն Մանուկյանի կողմնակիցները գրոհեցին խորհրդարանի շենքը` պատանդառելով ԱԺ նախագահին եւ նրա տեղակալին: Քսան տարվա վաղեմության իրադարձություններին թերեւս իմաստ չունի անդրադառնալ, սակայն առնվազն զավեշտալի է, որ Զարուհի Փոստանջյանը Մարտի 1-ը, այսպես ասած, «գաղափարապես» կապում է Վազգեն Սարգսյանի համատեքստից կտրված արտահայտության, Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ 1996-ի ընտրությունների հետ: Խնդիրը բազմաշերտ է` բարոյական, քաղաքական բաղադրիչներով: Վերջին մեկ ամսվա մեջ «Երկիր Ծիրանի» խմբակցությունն արդեն երկրորդ նախաձեռնությունն է ներկայացնում Վազգեն Սարգսյանի հիշատակի դեմ:

Սկզբում առաջարկում էին վերանվանել նրա անունը կրող փողոցի մի հատվածը, հիմա Մարտի 1-ն են կապում Վազգենի անվան հետ` թեկուզեւ անուղղակիորեն: Նախաձեռնության հեղինակները խնդիր ունեն առնվազն բարոյականության հետ, մյուս կողմից` նրանք, կամա թե ակամա, նույնանում են Ռոբերտ Քոչարյանի եւ նրա արյունոտ ռեժիմի հետ. Երրորդ հանրապետության եւ նրա վերջին թելը հանդիսացող Վազգեն Սարգսյանի դեմ հաշվեհարդար տեսել է հենց Քոչարյանը, իսկ «Երկիր Ծիրանին» շարունակում է կիսատ գործը` կռիվ տալով զոհված Սպարապետի հիշատակի դեմ: Մեծ հաշվով` Մարտի 1-ը Հոկտեմբերի 27-ի շարունակությունն է:

Ի՞նչ կապի ունի Մարտի 1-ը, զոհերի հուշարձանը Վազգեն Սարգսյանի, 96-ի ընտրությունների հետ: Ինչո՞ւ է Զարուհի Փոստանջյանը Մարտի 1-ի սլաքները` դրա կազմակերպիչ Քոչարյանից արհեստականորեն ուղղում մահացած Վազգեն Սարգսյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի ուղղությամբ: Ինչպե՞ս չմտածես, որ «Երկիր Ծիրանիի» հետեւում երեւում են Քոչարյանի «ականջները», ով թերեւս մտավախություն ունի, որ մոտ ապագայում կարող է իսկապես հարցաքննվել Մարտի 1-ի գործով:

Արդյո՞ք պատահական է, որ այսօր Մարտի 1-ի հարցով Քոչարյանի «անմեղության» թեմայով հայտարարություն է տարածել երկրորդ նախագահի գրասենյակը, իսկ Զարուհի Փոստանջյանը զուգահեռաբար գտել է Մարտի 1-ի նոր «մեղավորի»: Մյուս տարակուսելի փաստն այն է, որ «Երկիր Ծիրանիի» նախաձեռնությունը հերթական վեճն է հարուցել «Ելք»-ում: «Հանրապետություն» կուսակցությունն օբյեկտիվորեն դեմ է առաջարկվող նախագծին` հիմնավոր փաստարկներով, «Քաղաքացիական պայմանագիրը» կողմ է:

Առնվազն զավեշտալի է Նիկոլ Փաշինյանի կուսակցության դիրքորոշումը, մանավանդ, որ «Երկիր Ծիրանիի» այսօրվա նախաձեռնությունը «մաքրում» է Ռոբերտ Քոչարյանի արյունոտ հետագիծը, «նշանակում» է նոր «մեղավորներ», որոնց շարքում կարող է լինել նաեւ Նիկոլ Փաշինյանը` ինչպես այսօր պնդել էր Քոչարյանի գրասենյակի ղեկավարը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում