«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 11-ին Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Ազատամուտ համայնքի ավագանու նոր ընտրությունների արդյունքում «ընդդիմությունը» կրկին հաղթել է գործող գյուղապետին։

Հիշեցնենք, որ նախկին ավագանու հինգ անդամի լիազորություններն անցած տարեվերջին կառավարության որոշմամբ դադարեցվել էին, նրանք վարչական դատարան հայցադիմում էին ներկայացրել` պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 2017թ. նոյեմբերի 16-ի որոշումը։

Իսկ կառավարությունը որոշումը կայացրել է այն հիմնավորմամբ, որ Ազատամուտի ավագանու 9 անդամներից 5-ը մեկ տարվա ընթացքում անհարգելի բացակայել է ավագանու նիստերի կեսից ավելիից:

Բանն այն է, որ այդ 5 անձն անցած տարի համայնքի ղեկավարի ընտրություններում առաջադրված ՀՀԿ-ական թեկնածու Արտեմ Սարիբեկյանի կողմնակիցներն են, որը 15 ձայնով պարտվել է մարզպետի հովանավորյալ ՀՀԿ-ական Ժորա Մարտիրոսյանին։ Մենք ավելի վաղ գրել էինք, որ մեծամասնություն ունեցող ավագանու անդամները դեմարշ էին արել գործող գյուղապետի դեմ, փորձել կաթվածահար անել նրա աշխատանքը, չէին հաստատել բյուջեն եւ այլ փաստաթղթեր, ինչին ի պատասխան՝ գյուղապետն էլ նրանց անվստահություն էր հայտնել։

Արտահերթ ընտրությունների արդյունքում հեռացված ավագանիներից երեքը, ինչպես նաեւ նրանց երկու թիմակից վերընտրվել են, եւ Ազատամուտի ավագանին կրկին «ընդդիմություն» ունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում