ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը իր խորը մտահոգությունն է հայտնում «Լավ երեկո» հաղորդման շրջանակներում «Արդարության հետքերով» խորագիրը կրող թողարկման վերաբերյալ, որը նկարահանվել է «Աբովյան» ՔԿՀ-ում եւ հեռարձակվել Հայաստանի հանրային հեռուստաընկերության երեթով։

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Տեսանյութում ակնհայտ ծաղրի են ենթարկվում կանայք, որոնք անազատության մեջ են եւ արդեն իսկ գտնվում են խոցելի վիճակում։ Խումբը նման մոտեցումը համարում է մարդու իրավունքների կոպտագույն խախտում, ինչը հակասում է միջազգային մի շարք կոնվենցիաներին, այդ թվում Մարդու իրավունքների եվրոպական եւ ՄԱԿ-ի «Կանանց նկատմամաբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» կոնվենցիաներին։

Նաեւ հաղորդումը պատրաստված է լրագրողական էթիկայի կոպտագույն խախտմամբ եւ անազատության մեջ պահվող անձնանց հանդեպ ակնհայտ խտրական վերաբերմունքով, ինչն էլ ավելի արտահայտված է կանանց դեպքում, որոնք, ըստ միջազգային հեղինակավոր կառույցների հետազոտությունների ավելի են «պիտակավորվում» եւ նրանց հետագա սոցիալիզացիան առավել բարդ է լինում։

Այստեղ ակնհայտ է թե՛ լրատվամիջոցի՝ Հանրային Հեռուստատեսության պատասխանատվությունը, թե՛ ՀՀ արդարադատության նախարարության զգոնության եւ աչալրջության պակասը, առանց որի գիտության ու թողտվության չէր կարող տեղի ունենալ նման նկարահանում։ Ուստի՝

Պահանջում ենք․

Հանրային հեռուստաընկերությունից

- հանդես գալ տեսանյութում տեղ գտած լրագրողական էթիկայի խախտման վերաբերյալ հանրային բացատրությամբ

- հաղորդման մեջ ցուցադրված կանանցից եւ նրանց ընտանիքներից հրապարակային ներողություն խնդրել

ՀՀ արդարադատության նախարարությունից

- տեղեկացնել, արդյոք ուսումնասիրվել է լրագրողի գործունեությունն ու նպատակը

- ի՞նչ հիմնավորմամբ է տվյալ «հումորային» հաղորդմանը հնարավորություն ընձեռնվել մուտք գործել «Աբովյան» ՔԿՀ տարածք, քանի որ հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ լրատվամիջոցների դիմումիները մերժվում են նախարարության կողմից։

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում արձանագրած հրատապ խնդիրների, այս միջադեպի եւ այլ նմանատիպ շարունակական բնույթ կրող խնդիրների լուծումների առաջարկություններ տալու նպատալով Խումբը մամլո ասուլիս է կազմակերպելու, որի մասին առանձին հայտարարություն կտարածվի մոտակա օրերին»:

Նշենք, որ նույն թեմային անդրադառնալով ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշել է. «Կարծում եմ, որ դա անթույլատրելի է, ինքս շատ մտահոգված եմ այդ դեպքով եւ շատ լուրջ քննարկում եմ ունենալու Հ1-ի ղեկավարության հետ, որովհետեւ սա առաջին դեպքը չէ, այլ երկրորդ լուրջ բացթողումն է, որ տեղի է ունեցել Հ1-ի կողմից։ Մենք դա քննարկման առարկա կդարձնենք»:

Հիշեցնենք, որ մարտի 8-ին Հ1-ի «Լավ երեկո» հաղորդման լրագրողը հնարավորություն էր ունեցել մուտք գործել ՔԿՀ եւ զրուցել ամենախոցելի խավի՝ ազատազրկված կանանց հետ: Կանանց իրավունքների պաշտպանության օրը դատապարտված կանայք ծաղրի առարկա էին դարձել: Ռեպորտաժի ժամանակ կադրից դուրս պարբերաբար հնչում էր ծիծաղի ձայն: