Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացումից անմիջապես հետո համաձայնագրի դրույթների մեծ մասը կդրվի կիրառության մեջ: Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, ԵՄ Արևելյան գործընկերության «Ժողովրդավարություն, լավ կառավարում և կայունություն» առաջին թեմատիկ պլատֆորմի «Հանրային կառավարման բարեփոխումներ» պանելի 14-րդ նիստի շրջանակներում, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը:

Նրա խոսքով, մինչեւ ապրիլի 1-ը վավերացման հարցը նախ կքննարկվի ՍԴ-ում, ապա ԱԺ-ում տեղի կունենա վավերացման գործընթացը:

«Այս նիստը վերաբերում է հանրային կառավարման բնագավառում բարեփոխումների ընթացքին. այս կարեւոր բնագավառն արտացոլված է Հայաստան-ԵՄ հիմնարար փաստաթղթերում: Դրանցից մեկը «գործընկերության առաջնայնություններ» փաստաթուղթն է, որը հիմնված է ավելի վաղ ստորագրված Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների վրա:

Խոսքը վերաբերում է բարեփոխումներին, դրանց ժամանակացույցին, նաեւ հանրային կառավարման բնագավառում բարեփոխումների ամբողջ ծավալը մեծապես ներառված է Հայաստանի 2017-2025 թթ. համապատասխան ռազմավարության մեջ»,-ընդգծեց Նազարյանը:

ԱԳ փոխնախարարը տեղեկացրեց, որ այս հանդիպումը տեղի է ունենում Արեւելյան գործընկերության շրջանակներում. «Հավաքված են եւ ԵՄ ներկայացուցիչները, եւ Արեւելյան գործընկերության երկրները, որոնք հայ գործընկերների հետ կքննարկեն նաեւ կգնահատեն բարեփոխումների ընթացքը եւ փորձեն զուտ ժամանակացույցի առումով հասկանալ, թե որ երկիրը որ աստիճանի վրա է գտնվում բարեփոխումների առումով»,-ընդգծեց նա: