Հայաստանը Ադրբեջանի կողմից անցկացվող զորավարժություններին հետեւում է, բնական է, պետք է պատրաստ լինել նրանց կողմից ցանկացած քայլի: Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Դիտարկմանը, որ կան կարծիքներ, որ այդ զորավարժություններով Ադրբեջանը պատերազմի է նախապատրասվում, ԱԳ փոխնախարարը նշեց. «Տվյալ պարագայում տարբեր մեկնաբանություններ կարող են լինել, եւ նախընտրական շրջան է, բայց պետք չէ միայն դրանով դա բացատրել, պետք է ուշադիր լինել նրա (Իլհամ Ալիեւի-խմբ) գործողություններին: Մենք միշտ պետք է պատրաստ լինենք Ադրբեջանի կողմից ցանկացած սադրանքի»:

Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության կայքը, նշում են, որ զորավարժություններին կներգրավվեն անձնակազմի մինչեւ 25 հազար զինծառայողներ, մինչեւ 250 միավոր տանկեր եւ այլ զրահատեխնիկա, մինչեւ 1000 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր եւ ականանետներ, մինչեւ 50 միավոր տարբեր նշանակության բանակային եւ ճակատային ավիացիա: Զորավարժությունների ընթացքում տարբեր զորավարժարաններում կանցկացվի մարտական հրաձգություն՝ սպառազինության նոր տեսակների կիրառմամբ, որոնք վերջերս են մտել սպառազինության մեջ: