«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու փետրվարի 13-ի նիստում տեղի ունեցած սկանդալային միջադեպից հետո կոմպոզիտոր, Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Մարտին Վարդազարյանի ինքնազգացողությունը վատացել էր: Այսօր «ՀԺ»-ն հետաքրքրվեց, թե ինչպես է վերջինիս առողջական վիճակը եւ ի վիճակի է արդյո՞ք մասնակցել մարտի 19-ին կայանալիք ավագանու նիստին: Մարտին Վարդազարյանն ասաց, որ չնայած ամբողջությամբ չի ապաքինվել եւ ինքնազգացողությունն էլ լավ չէ, այնուամենայնիվ, անպայման մասնակցելու է նիստին:

Վարդազարյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է կարծում՝ ավագանու նիստն այս անգամ հանգիստ կանցնի՞, թե՞ նոր սկանդալներն անխուսափելի են: Վերջինս չբացառեց լարվածության շարունակականությունը եւ հնարավոր կոնֆլիկտները՝ ասելով. «Երկիր ծիրանիի անդամներն ամեն անգամ խոստանում են, որ դժոխք են սարքելու, էս են անելու, էն են անելու, բայց դա թող մնա իրանց խղճի վրա, դա իրենց մտքի խնդիրն է»: Ստորեւ ներկայացնում ենք Վարդազարյանի հետ մեր հարցուպատասխանը.

Այսինքն՝ հնարավո՞ր է, որ այս անգամ իրավիճակն ավելի սրվի, քանի որ ՀՀԿ-ն մտադիր է վրեժ լուծել Երկիր ծիրանիի կանանցից, եւ առաջիկա նիստը նրանց համար մղձավանջային դարձնել:

Ես այդ մասին տեղեկություն չունեմ, բայց, եթե իրենք առիթ չտան, հաստատ մղձավանջային չի լինի:

Երկիր ծիրանի խմբակցության անդամներն առաջիկա նիստում օրակարգային երկուհարցերի զեկուցողներն են լինելու: Առաջինը՝ Վազգեն Սարգսյանի անվան փողոցը ԱՄՆ-ի28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի անունով անվանակոչելու նախագիծն է՝ Վիլսոնի արձանըտեղադրելու հետ միասին: Առաջարկը կհաստատվի՞ ավագանու կողմից:

Վուդրո Վիլսոնի անունով անվանակոչելուն բան չունեմ ասելու, բայց կարծում եմ, որ Վազգեն Սարգսյանի հաշվին փողոց բացելը սխալ է: Երեւանում այնքան ազատ փողոցներ կան, պարտադիր չէ, որ դա լինի քաղաքի կենտրում եւ Վազգեն Սարգսյանի հաշվին:

Իսկ ի՞նչ վերաբերմունք ունեք երկրորդ՝ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհված քաղաքացիների հիշատակին արձան տեղադրելու նախագծի վերաբերյալ:

Մինչեւ չպարզվի, թե մարտի 1-ին ով է իսկապես զոհ եղել եւ ով ուղղակի թալանով զբաղվել՝ ոչ մի բան էլ չի որոշվի: Պետք չէ հերոսացնել ամեն մեկին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում