Հայաստանում ԳՄՕ (Գենոմոդիֆիկացված օրգանիզմ) չկա, հայ գյուղացին ԳՄՕ չի արտադրում: Այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:

«Թող որեւէ մեկը ցույց տա Հայաստանում այն դաշտը, որտեղ ԳՄՕ է մշակվում: Հյ գյուղացին չի մշակում ԳՄՕ սերմեր: Այստեղ այլ խնդիր կա, որի մասին չեն ուզում խոսել: Խոսքը սոյայի մասին է, որ ներկրվում է Հայաստան ՌԴ-ից, Ուկրաինայից եւ այլ երկրներից տարբեր անուններով: 10 հազար տոննայից ավելի սոյայի հումք է ներկրվել Հայաստան, որն օգտագործում են խմորեղենի, երշիկի արտադրության, կաթի վերամշակման մեջ: Այդ սոյան ԳՄՕ է»,-ասաց Բերբերյանը:

Նա նշեց, որ ինքը եղել է ԳՄՕ սերմեր արտադրող ամերիկյան «Մոնսանտո» ընկերությունում: «Մարդիկ, որ եգիպտացորենից ԳՄՕ ստանում են, ֆերմերները հանձնում են սպիրտի գործարան»,-ասաց նա:

«Լոլիկը լինում է սեղանի, սեղանի տեխնիկական եւ տեխնիկական: Պահածոյի գործարաններին ձեռնտու է տեխնիկականը, քանի որ դրանից տոմատի մածուկ շատ է ստացվում: Հիմա մի կին հեռուստատեսությամբ տեխնիկական լոլիկը խփում է պատին ու ասում՝ սա ԳՄՕ է: Հետո իմանում ենք, որ այդ կինը սերմեր վաճառող է: Իր սերմերը չի կարողանում վաճառել, էդպես ելույթ է ունենում»,-ասաց Բերբերյանը հավելելով, որ չի կարելի հայտարարել, որ հայ գյուղացին ԳՄՕ է արտադրում, քանի որ ռուսները մեր ճանապարհը կփակեն: