Երեւանում Ռուսաստանի դեսպանատանը տեղակայված ընտրական տեղամասում Վլադիմիր Պուտինի օգտին է քվեարկել ընտրողների գրեթե 90,5 տոկոսը (4630 մարդուց ավելի), փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը: Ստացած քվեների թվով երկրորդ տեղում է ՌԴ Կոմունիստական կուսակցության թեկնածու Պավել Գրուդինինը:

Երեւանում ՌԴ դեսպանատանը ձայների հաշվարկի ընթացքին հետեւել են ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչները, ինչպես նաեւ ՌԴ Կոմունիստական կուսակցությունից առաջադրված թեկնաածու Պավել Գրուդինինի վստահված անձը:

Հարկ է նշել, որ Հայաստանում ՌԴ դեսպանատան համար գրանցվել է ընտրություններին աննախադեպ մասնակցություն: Հիշեցնենք, որ 2016 թվականին ՌԴ Պետական դումայի ընտրությունների ամբողջ օրը Երեւանում ՌԴ դեսպանատանը քվեարկել էր ընդամենը 1070 մարդ:

Մարտի 18-ին Ռուսաստանում ընդհանուր բացվել էր 97 հազարից ավելի ընտրական տեղամաս, որից 400-ը՝ արտասահմանում: Քվեարկության ընթացքին հետեւել են 109 երկրներից 1,5 հազար միջազգային դիտորդներ: Ըստ որում՝ Ռուսաստանի նախագահի պաշտոնին հավակնում է 8 թեկնածու: