ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 19-ին, հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և մեկ անգամ ևս ջերմորեն շնորհավորել նրան վերընտրվելու կապակցությամբ:

Հեռախոսազրույցի ընթացքում ռազմավարական գործընկեր, դաշնակից երկու պետությունների ղեկավարները երկուստեք վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու հետևողականորեն խորացնել ու ամրապնդել միջպետական հարաբերությունները և համագործակցությունը, ինչպես նաև ջանքերը՝ տարածաշրջանում երկարատև խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ:

ՌԴ նախագահի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը նաև շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին:

Նշենք, որ ՌԴ նախագահի ընտրությունները տեղի են ունեցել մարտի 18-ին, որի նախնական արդյունքներով Պուտինն ստացել է ավելի քան 76 տոկոս ձայն: