Ժողովուրդ» թերթը գրում է. «Կիրակի օրը՝ ՌԴ նախագահի ընտրություններին, Երեւանում եւ Գյումրիում բացված ընտրատեղամասերում քվեարկությանը մասնակցում էին ոչ միայն ռուսները, այլեւ ակտիվ էին հայաստանաբնակ հայերը, որոնք, սակայն, ունեն ՌԴ քաղաքացիություն:

Ու պարզվում է՝ ՀՀ-ում բնակվող, սակայն ՌԴ քաղաքացիություն ունեցողների թիվը տարեցտարի գնալով ավելանում է: «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական աղբյուրներից հայտնի դարձավ, որ վերջին վեց տարում՝ 2012-2017թթ, ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել է 16 հազար 436 հոգի, եւ գրեթե բոլորն ընդունել են ՌԴ քաղաքացիություն:

Այլ կերպ ասած` մարդիկ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվում եւ ՌԴ քաղաքացիություն են ընդունում ոչ միայն արտագաղթելուց հետո, այլեւ հենց Հայաստանում բնակվելիս: Մարդիկ գերադասում են ՌԴ քաղաքացիությունն իրենց արու զավակներին ՀՀ ԶՈՒ-ում ծառայելու պարտականությունից «փախցնելու», նաեւ բարձր կենսաթոշակ ստանալու նպատակով: Համաձայնեք, պատկերն իրոք լուրջ Է:

Եւ այս ամենը խոսուն վկայությունն է այն փաստի, որ Հայաստանի իշխանություններն իրենց վարած քաղաքականության արդյունքում ՀՀ քաղաքացու մեջ սպանել են քաղաքացի լինելու գիտակցությունը` վերածելով սոսկ բնակչի: Սոսկալի հարված, որ սպառնում է պետության եւ պետականության հիմքերի խարխլմանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում