ՀՀ ՍԴ նախագահ նշանակելու համար առաջադրվել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը. ԱԺ-ում կազմակերպված քվեարկությանը մասնակցել է 94 պատգամավոր: Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը:

«Քվեատուփում առկա է եղել 93 քվեաթերթիկ, որից անվավեր է ճանաչվել 2-ը:

Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝ կողմ 64, դեմ՝ 27: Այսպիսով ՍԴ նախագահ է նշանակվում Հրայր Թովմասյանը»,-ասաց Մելիքյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՍԴ նախագահի պաշտոնը թափուր է մնացել Գագիկ Հարությունյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամ, ապա նաեւ նախագահ նշանակվելուց հետո: Մարտի 12-ին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ՍԴ կազմից ՍԴ նախագահի պաշտոնում նշանակելու համար առաջարկում է Հրայր Թովմասյանի թեկնածությունը: