Արմավիրի մարզում, մարտի 21-ին, սպանություն է տեղի ունեցել. ժամը 21:50-ի սահմաններում Արմավիրի բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայից ստացած բազմաթիվ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը, ով կեսգիշերն անց գիտակցության չգալով մահացել է, Արմավիրի մարզի Այգավան գյուղի բնակիչ, 22-ամյա Նարեկ Պողոսյանն էր, ում մարմնի վրա, ըստ տեղեկությունների, եղել է վնասվածքի 7 հետք:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:

Աղբյուրի տեղեկություններով՝ Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանությունը տեղի է ունեցել Արմավիրի մարզի Արմավիր գյուղի 1-ին փողոցի 20 հասցեում գտնվող ամբուլատորիայի դիմաց:

Արմավիրի ոստիկանություն է մեղայականով ներկայացել Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչ 19-ամյա Վաղինակ Մ.-ն եւ ձերբակալվել է: