«Իրատես» թերթը գրում է. «Ներհայաստանյան զարգացումներն ընթանում են մի քանի ուղղություններով: Քաղաքական ճամբարներն զբաղված են լուրջ «ինվենտարիզացիայով»` ապրիլի իննին ընդառաջ:

Ընդդիմությունում ընթանում են չերեւացող, ընդհատակյա լուրջ խմորումներ: Ազատամարտիկների մի մասը միանում է արմատական ճակատին` դեռ դիտորդի կարգավիճակով, նույնական է նաեւ «Ելքի» արմատական թեւ Նիկոլի մոտեցումը, ասել է` Ազատության հրապարակում քաղաքական ուժերը դեռ «դիտորդ» են: Նրանց բոլորին «դիտում» է նաեւ Սեյրան Օհանյանը: ՈՒ բոլորը միասին սպասում են, թե որքան ժողովուրդ կհավաքվի հրապարակում` ընդդեմ Սերժ Սարգսյանի եւ նրա վարչապետության, ու կախված ժողովրդի քանակից, դիտորդի կարգավիճակից հընթացս կանցնեն ժողովրդին դեպ իշխանափոխություն առաջնորդելու:

Կանխատեսումները տարբեր են, այնուհանդերձ, նույն արմատականների ճամբարում մեծ չէ հավատը, որ իսկապես կունենան բողոքավոր «կրիտիկական մասսա», որպեսզի իրականացնեն իրենց «ճանապարհային քարտեզները», որոնց պակասը նույնպես չկա. մնում է` կարողանան «այդ քարտեզների» բաղադրիչները միմյանց հետ «խոսեցնել»: Նրանց բոլորի հույսը ֆորս մաժորն է ու «երբեք մի ասա` երբեք»-ը:

Ինչ վերաբերում է իշխանական եւ մերձիշխանական ճամբարներին, ասել, որ այնտեղ սպասողականության սինդրոմը Սերժ Սարգսյանի` վարչապետ դառնալու հնարավորության մասին բարձրաձայնումից հետո դադարեց «գործելուց», ծիծաղելի կլինի: Քանզի ՀՅԴ-ն դեռ խանդավառ ցավով ու խանդով է վերաբերվում համաձայնության կառավարության Սերժ Սարգսյանի երբեմնի բարձրաձայնման իրականացման հնարավորությանը. դաշնակցությունը ցանկանում է լինել ՀՀԿ-ի «ամենասիրելի կինը»` չնայած իր զառամյալ տարիքին, դողացող ծնոտին ու ուտելիս «դոշին» թափելու սինդրոմին` նույն «սիրեցյալի» նկատմամբ օրումեջ դրսեւորվող խանդի նոպաներին զուգահեռ ¥տե՛ս Արմեն Ռուստամյանի բարձրաձայնումները վերջին շրջանում¤: Ծեր հասակում ախորժակից ու ստամոքսից ամենեւին չբողոքող ՀՅԴ-ն սարսափ է ապրում, երբ պատկերացնում է, որ իշխանական կերակրատաշտի կողքին կարող է տեսնել նաեւ «համաձայնեցված» ԲՀԿ-ին, որն էլ իր հերթին շատ է ցանկանում «համաձայնեցվել»` մի քանի նախարարական եւ մեկ մարզպետական պորտֆելի շրջանակներում:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա այնտեղ շարունակվում է հավերժ «դանթը», քանզի ունեն «արթուն պահակ», որն իրենց փոխարեն «վարում-ցանում» է թե՛ գեոքաղաքական, թե՛ ներքաղաքական անդաստաններում: ՀՀԿ-ականներին մնում է միայն մեկ բան` չխանգարել նրան, սակայն դա նույնպես անկարող են: ՈՒստի Սերժ Սարգսյանն ստիպված եղավ շտապել եւ, որպես ճկուն խաղացող, վարչապետական սպասվելիք տախտակը շարել նորովի:

ա) Քանզի թիմակիցներն սկսել էին «ամբախ-զամբախ» գովերգել, ինքնամոռացության պահերին էլ «շարքայնացնել» նրան. Մեծ զատիկին ընդառաջ` Սերժ Սարգսյանը զատեց նրանց իրենից:

բ) Թե՛ «քյարթուներին», թե՛ մնացածների մակարդակով ասելով` ՀՀԿ-ի ժամանակահատվածն ավարտվում է, գալիս է նոր սերնդի ժամանակը: Ճիշտ է, Սերժ Սարգսյանը չասաց` ինչ ֆորմատով, եւ այնուհանդերձ, ազգ-բանակ, անվտանգության դոկտրին, ԵՄ համաձայնագիր ձեռնարկների կողքին սերնդափոխության հրամայականը հաջորդ լրջագույն խնդիրը պետք է լիներ նրա համար, ինչը, ի դեպ, ուշացել էր նաեւ, քանզի սերնդափոխությունը շարունակական եւ ոչ «որոշումային» գործընթաց է, եւ ապա` երիտասարդությունն ու սերնդափոխությունը ֆիզիկական երեւույթ չեն, այլ նախ եւ առաջ` մտավոր ու հոգեւոր: Բայց լավ է ուշ, քան երբեք:

գ) Եվ այնուհանդերձ, Սերժ Սարգսյանն շտապեց առաջին հերթին ոչ այնքան իր թիմի մտավոր, «ֆիզիկական» մաշվածության պատճառով, որքան գործընթացը սահուն, անկորուստ դարձնելու համար: Ձգձգվող ինտրիգն արդեն չէր աշխատում իր օգտին: Այն արդեն էներգաթափ էր եղել: Նոր էներգետիկ-մտային էլիքսիր էր պետք` «ուղեղային մորմոքն» ապահովելու, վերը նշված ճամբարներին «այդ ընդհանուր մտքի» շուրջ հավաքելու, «ընտելացնելու» համար: ՈՒ Սերժ Սարգսյանը գնաց «անսպասելի» էնդշպիլի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում