Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը համոզված է, որ Հայկազ Բաղմանյանն արժանի էր ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ նշանակվելուն:

«Տաշած քարը գետնին չի մնա: Անթերի մարդ չկա էս աշխարհում, եթե կարաք մեկին գտնեք, որ թերություն չունի, չարաչար սխալվում եք՝ ձեզնից, սաղիցս բռնած, սաղս էլ կարաք թերություն ունենանք: Աշխատող մարդը միշտ էլ թերություն անում ա»,- այսօր՝ մարտի 23-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Սեյրան Սարոյանը:

Լրագրողների դիտարկմանը, թե սա նշանակում է, որ իշխանությունները Բաղմանյանին ներել են, Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Ի՞նչ ա արել Հայկազը, որ ներեն, Հայկազի ծառայությունները դու գիտե՞ս, անցած ուղին դու գիտե՞ս: Ի՞նչ կոռուպցիա, Հայկազի ձեռին ի՞նչ կար, որ կոռուպցիա աներ, նավթ էր առնում-ծախո՞ւմ, թե՞ ոնց: Մարդն ի՞նչ պաշտոն ուներ, որ գողնար, զինվո՞ր պիտի գողնար»:

ՀՀԿ-ական պատգամավորը վստահեցրեց, որ Հայկազ Բաղմանյանը լավ անցյալ ունի, մասնակցել է Արցախյան պատերազմին, մշտապես առաջին գծում է եղել, դրա համար նրան գնահատում են:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայկազ Բաղմանյանը գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատվել էր 2017 թվականի դեկտեմբերին: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե ԳՇ պետի տեղակալն աշխատանքից ազատվելու դիմում է գրել իր հորդորով: Հարցին, թե որն է եղել հորդորի պատճառը, Վիգեն Սարգսյանը պատասխանել էր. «Աշխատանքային մի շարք պարտականությունների չկատարումը»:

2018թ.-ի մարտի 22-ին Գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին նշանակվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալ` կնքելով զինվորական ծառայություն անցնելու մասին նոր պայմանագիր` երեք տարի ժամկետով»: