Հայաստանի հանրապետական կուսակցության անդամները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այսօր` մարտի 22-ին այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն՝ Հայաստանի նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 11-րդ տարելիցի կապակցությամբ։

Բարձրաստիճան պաշտոնյաները ծաղիկներ դրեցին եւ խնկարկեցին Անդրանիկ Մարգարյանի շիրիմին, եւ հապշտապ հեռացան։

Նշենք, որ Անդրանիկ Մարգարյանը հանկարծամահ է եղել 2007 թվականի մարտի 25-ին՝ կյանքի 56-րդ տարում։

Անդրանիկ Մարգարյանը ծնվել է 1951թ. հունիսի 12-ին, Երեւանում: Մարգարյանը ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2000-2007 թվականներին: Հայկական քաղաքական կյանքի մեջ է ընդգրկվել դեռ 1965 թ.-ից: 1968թ.-ից եղել է խորհրդային տարիներին ընդհատակյա գործող Ազգային միացյալ կուսակցության անդամ, 1973թ.-ից` ԱՄԿ խորհրդի անդամ: 1974-ին ձերբակալվել է եւ դատապարտվել երկամյա բանտարկության` խորհրդային վարչակարգի դեմ պայքարելու մեղադրանքով: 1992թ.-ին անկախ Հայաստանում դարձել է երկրի առաջին գրանցված կուսակցության անդամը, որի խորհրդի նախագահն էր 1993-ից մինչեւ իր մահը։

1993-1997 եւ 1998-2005թթ.` ՀՀԿ խորհրդինախագահ: 1997-98-ին եղել է ՀՀԿ նախագահ, 2005-ին դարձյալ ընտրվել է ՀՀԿ նախագահ, 1998-ից Երկրապահ կամավորական միության անդամ, այնուհետեւ` ԵԿՄ վարչության անդամ: Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ, պետականության կայացման եւ տնտեսության զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար ՀՀ Նախագահի հրամանագրով պարգեւատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով։