Ֆուտբոլի Հայաստանի եւ Էստոնիայի ազգային հավաքականների ընկերական հանդիպմանը (0:0) նախօրեին ներկա են եղել նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած ու վիրավորված զինվորները։ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը հայտնել է, որ նրանք ներկա կլինեն Հայաստանի հավաքականի բոլոր խաղերին։

«Ապրես, Հենո ջան։ Հայաստան - Էստոնիա խաղի հատուկ հյուրերը մեր Զինվորներն են: Տղաներն այսուհետ ներկա կլինեն Հայաստանի հավաքականի բոլոր խաղերին: Հատուկ շնորհակալություն մեր ֆուտբոլի ֆեդերացիային»,- ֆեյսբուքյան էջում գրել է Արմեն Մուրադյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն օրեր առաջ այցելել էր Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, հանդիպել ուսանողների, բժշկական անձնակազմի հետ եւ վիրավոր ու հաշմանդամ զինծառայողների հետ։ Մխիթարյանը 2017 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցուցակում ընդգրկվելու համար ստացած ավտոմեքենան նվիրել էր վիրավոր եւ հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոնին: